Մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղության. Իգիթյան

Նույնիսկ այս հանդիպումը կոչված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղության պատրաստելու առնչությամբ:

«Գոնե մեր հասարակությունը վաղուց պատրաստ է խաղաղության: Եթե պատրաստ չլիներ, 1994 թվականին թե՛ Հայաստանի կողմը, թե՛ ԼՂՀ կողմը չէին ստորագրի զինադադարի համաձայնագիրը», - նշեց նա:

Իգիթյանի խոսքերով, հասարակության խաղաղության նախապատրաստելու մասին դրույթը գալիս է Վիեննայի պայմանավորվածությունից, որտեղ ևս դա նշված էր:

Հարցին՝ արդյո՞ք ՀՀ նոր իշխանությունները պնդում են Վիեննայի և Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցում, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ նոր իշխանությունը հրաժարվել է պնդել Ադրբեջանին կատարել այդ պայմանավորվածությունները, Իգիթյանը նշեց․ «Չկա այդպիսի տպավորություն, կան այդպիսի ինֆորմացիոն հոսքեր, որոնք գալիս են նախկին իշխանություններից, որոնք ուզում են, որ նման բան լինի։ Իրականում նման բան չկա, որովհետեւ բոլոր հանդիպումներն ուղղված են Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը։ Նույնիսկ այս հանդիպումը կոչված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն»: