Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, թուրքական «Haber Global» հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնաբանելով Աստանայի գործընթացի արդյունավետությունը, նշել է, որ դա «Սիրիայի հարցով քաղաքական կարգավորման միակ համապատասխան ձևաչափն է», որը նաև նպաստում է Վիեննայում ՄԱԿ-ի հովանու ներքո երկխոսությանը։ «Ասադի ռեժիմը պետք է վերջապես գիտակցի, որ ռազմական ճանապարհը տանում է դեպի Սիրիայի մասնատում»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաև կառուցողական է անվանել սիրիական ընդդիմության դիրքորոշումը բանակցային գործընթացում։ «Բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը Ասադի ռեժիմն է։ Սիրիայում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են կառուցողական քայլեր. Ասադը և նրա կողմնակիցները չպետք է ընդդիմությանը ահաբեկիչների պիտակ փակցնեն։ Թուրքիան միշտ աջակցել է սիրիական ռեժիմի հակառակորդներին»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիա-Իրան-Սիրիա եռակողմ գագաթնաժողովի և հնարավոր Ասադ-Էրդողան հանդիպմանն անդրադառնալով՝ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ պնդումներն անհիմն են։ «Ասադը հրավիրված չէ այս միջոցառմանը»,- ասել է Չավուշօղլուն։
0Comments