«Ստրիպտիզի պարուհիները» ֆիլմն արգելվել է Մալայզիայում անպարկեշտ բովանդակության համար

Ֆիլմում երևում է, թե ինչպես են ստրիպ-բարի պարուհիները գումար գողանում Wall Street-ից հարուստ հաճախորդներից, երբ նրանք գտնվում են հոգեմետ նյութերի ազդեցության տակ

Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ «Ստրիպտիզի պարուհիները» ֆիլմի ցուցադրությունն արգելվել է Մալայզիայում՝ մեծ թվով «անպարկեշտ» բովանդակությամբ տեսարանների պատճառով, հայտնում է Independent-ը:

Ֆիլմերի գրաքննության բաժնում որոշել են, որ մերկ կրծքերը, էրոտիկ պարերը և թմրանյութերով տեսարանները «անպատշաճ են հանրային դիտումների համար»:

Ֆիլմում երևում է, թե ինչպես են ստրիպ-բարի պարուհիները գումար գողանում Wall Street-ից հարուստ հաճախորդներից, երբ նրանք գտնվում են հոգեմետ նյութերի ազդեցության տակ:

«Square Box Pictures» ընկերությունը, որը զբաղվում է Մալայզիայում «Ստրիպտիզի պարուհիների» ներկայացմամբ, իր Instagram-ում հաստատել է արգելքի մասին տեղեկությունը. «Մենք բարձր ենք գնահատում երկրպագուների և կինոսերների աջակցությունը, բայց մենք չենք կարող ցուցադրել այս ֆիլմը: Անկեղծորեն ներողություն ենք խնդրում ձեզ հուսախաբ անելու համար»:

Բացի Ջենիֆեր Լոպեսից, նախագծում նկարահանվել են Քոնստանս Վուն, Ջուլիա Սթայլզը, Լիզոն, Քիկի Փալմերը և Լիլի Ռեյնհարթը: