«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերին մեղադրում են Մալայզիայում փողեր լվանալու մեջ

Ռիզա Ազիզը դատարանի առաջ է կանգնել 2011 եւ 2012 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում եւ Սինգապուրում ապօրինի միջոցներ ստանալու մեղադրանքով

«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերը եւ Մալայզիայի նախկին վարչապետի խորթ որդին իրեն մեղավոր չի ճանաչել պետական ներդրումային հիմնադրամից (1MDB) 248 մլն դոլար լվանալու մեջ, փոխանցում է AP-ն:

Ռիզա Ազիզը դատարանի առաջ է կանգնել 2011 եւ 2012 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում եւ Սինգապուրում ապօրինի միջոցներ ստանալու մեղադրանքով:

Մեղադրականում նշված է, որ փողն անօրինականորեն յուրացվել է 1MDB-ից եւ ուղարկվել Riza Red Granite Pictures Inc. ընկերության բանկային հաշվին, որը ֆիլմեր է արտադրել, այդ թվում՝ գլխավոր դերում Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ Մարտին Սկորսեզեի ֆիլմը:

42-ամյա Ռիզան գրավի դիմաց ազատ է արձակվել: Նա մեղադրվել է փողերի լվացման 5 դեպքով եւ կարող է դատապարտվել 5 տարվա բանտարկության ու տուգանքի, գրում է  news.am:

Նախկին վարչապետ Նաջիբը 1MDB հիմնադրամը ստեղծել էր Մալայզիայի զարգացման ֆինանսավորման համար: Սակայն հիմնադրամը միլիոնավոր դոլարներ էր պարտք վերցրել: Ամերիկացի քննիչները պնդում են, որ առնվազն 4,5 մլրդ դոլարը հիմնադրամից յուրացվել է եւ լվացվել Նաջիբի աշխատակիցների կողմից: