Վիրուսների խաղը

Ո՞ր սերիալներում են թաքնված վարակիչ ծրագրերը

 

Սերիալների սիրահարները հաճախ իրենց կամքից անկախ ցանցահենների ու կիբեռհանցագործների զոհ են դառնում, հատկապես երբ որոշում են սերիալն անվճար նայել։ «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները կազմել են այն սերիալների ցանկը, որոնց մեջ թաքնված են համակարգչի աշխատանքին խանգարող ծրագրեր։

«Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները հայտնաբերել են, որ հայտնի սերիալներ պարունակող «torrent» ֆայլերում համակարգչային վիրուսներ կան։ Ընկերության մասնագետները որոշել են պարզել, թե հատկապես որ բազմասերիանոց ֆիլմերում են թաքնված համակարգչային վարակները, և նրանք 31 սերիալ են ընտրել` հիմնվելով IMBD-ի ու Rotten Tomatoes-ի վարկանիշային աղյուսակների վրա։

Կարելի է շատ արագ գլխի ընկնել` որ խաբեբաների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն» է (Game of Thrones):

Ըստ կազմած վիճակագրության` այս սերիալը ներբեռնելու պատճառով 2018 թվականին վիրուսի զոհ են դարձել 9986 օգտատեր։ Ընդ որում, վիճակագրությունը կազմվել է միայն ըստ Kaspersky–ի առաջարկած պաշտպանության մեթոդներից օգտվողների։ Փորձագետները նշում են նաև, որ ամենաշատ զոհերը եղել են «Գահերի խաղի» առաջին`«Ձմեռը մոտ է» էպիզոդի պատճառով։

Ցուցակի երկրորդ տեղում «Քայլող մեռելներ» սերիալն է (The Walking Dead), որը չնչին միավորներով է հետ մնում Game of Thrones-ից։ Իսկ վերջին` երրորդ պատվավոր հորիզոնականում է «Նետ» (Arrow) բազմասերիանոց ֆիլմը:

Ընտրված սերիալների «torrent» ֆայլերը նրանք իրենց ամպային սերվիս են ներբեռնել KSN-ով և դրա շնորհիվ էլ պարզել են, թե ինչ վնասակար ծրագրերի հետ են առնչվել օգտատերերը` ֆիլմերը ներբեռնելիս։

Փորձագետները նշել են, որ ամենամեծ տարածումն ունի WinLink տրոյանը, որը կարող է ներբեռնել այլ վնասակար ծրագրեր։ Մեծ է նա հավանականությունը, որ սերիալը ներբեռնելու փոխարեն, համակարգիչն իր դռները կբացի not-a-virus կամ էլ downloader տեսակի ծրագրերի համար, որոնցից առաջինը բոլոր հնարավոր տեղերում համակարգիչը կլցնի գովազդով, իսկ downloader-ի հիմնական գործառույթը կլինի հերթական գովազդ տարածող ծրագիրը ներբեռնելը։

 

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am