«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերը եւ Մալայզիայի նախկին վարչապետի խորթ որդին իրեն մեղավոր չի ճանաչել պետական ներդրումային հիմնադրամից (1MDB) 248 մլն դոլար լվանալու մեջ, փոխանցում է AP-ն:
Ռիզա Ազիզը դատարանի առաջ է կանգնել 2011 եւ 2012 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում եւ Սինգապուրում ապօրինի միջոցներ ստանալու մեղադրանքով:
Մեղադրականում նշված է, որ փողն անօրինականորեն յուրացվել է 1MDB-ից եւ ուղարկվել Riza Red Granite Pictures Inc. ընկերության բանկային հաշվին, որը ֆիլմեր է արտադրել, այդ թվում՝ գլխավոր դերում Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ Մարտին Սկորսեզեի ֆիլմը:
42-ամյա Ռիզան գրավի դիմաց ազատ է արձակվել: Նա մեղադրվել է փողերի լվացման 5 դեպքով եւ կարող է դատապարտվել 5 տարվա բանտարկության ու տուգանքի, գրում է news.am:
Նախկին վարչապետ Նաջիբը 1MDB հիմնադրամը ստեղծել էր Մալայզիայի զարգացման ֆինանսավորման համար: Սակայն հիմնադրամը միլիոնավոր դոլարներ էր պարտք վերցրել: Ամերիկացի քննիչները պնդում են, որ առնվազն 4,5 մլրդ դոլարը հիմնադրամից յուրացվել է եւ լվացվել Նաջիբի աշխատակիցների կողմից:
0Comments