Ֆրանսիայում մեկ ամսից ավելի հետաքննում են բարձր կռկռացող գորտերի գործը

Գործը բացվել է հունիսին, ապա փակվել, իսկ հուլիսի 27-ին կրկին վերաբացվել

Ֆրանսիայի հյուսիսում մեկ ամսից ավելի հետաքննում են բարձր կռկռացող գորտերի գործը: Տեղի բնակիչը բողոքում է հարեւանի այգում գորտերի բարձր կռկռոցից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Voix du Nord թերթին:

Թերթի հետ զրույցում Արրաս քաղաքում հողատարածքի տերը՝ Մարկ Դերվոն, ասել է, որ գորտերի զույգ է տեղակայվել այդ տարածքում դեռեւս գարնանից եւ որեւէ խնդիր չի առաջացրել, սակայն հունիսին ամուսնական սեզոնի սկզբին գորտերը սկսել են բուռն արտահայտել իրենց էմոցիաները գիշերները կռկռացնելով: Արդյունքում հարեւաններից մեկը դիմել է իրավապահ մարմիններին եւ քաղաքապետարանին՝ պահանջելով վերացնել նյարդայնացնող աղմուկը:

Գործը բացվել է հունիսին, ապա փակվել, իսկ հուլիսի 27-ին կրկին վերաբացվել: Այդ ժամանակ գործին ներգրավվել են նույնիսկ քաղաքային իշխանությունները: Դերվոյին այցելել են քաղաքապետարանի աշխատակիցները, ապա փոխքաղաքապետը: Նրանք Դերվոյին առաջարկել են գորտերին տեղափոխել ավտոտնակ: Թերթի հետ զրույցում նա ծաղրել է այդ առաջարկը, քանի որ դա պրակտիկայում անիրական առաջարկ է:

Նշենք, որ Ֆրանսիայում այս ամառ մի շարք դատական գործեր են սկսվել՝ կապված կենդանիների աղմուկի հետ: Հուլիսի կեսերին Ուազա դեպարտամենտի դատարանը 500 եվրոյով տուգանել էր Կոկո անունով աքլորին, իսկ Ծովամերձ Շարանտա դեպարտամենտում Մորիս անունով աքլորի գործը դեռեւս շարունակվում է, գրում է news.am: