Իրանը կրակի հետ է խաղում. Թրամփ

Սպիտակ տունը խոստացել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրել այնքան ժամանակ, մինչև Իրանի իշխանությունները չփոխեն իրենց ռազմավարությունը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի մեկին հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը, հաղորդում է Reutersգործակալությունը:

«Նրանք գիտեն՝ ինչ են անում: Նրանք քաջ տեղյակ են, թե ում հետ են խաղի մեջ մտել, և ես կարծում եմ, որ նրանք կրակի հետ են խաղում»,-հայտնել է ԱՄՆ նախագահը, գրում է tert.am:

Բացի այդ, Սպիտակ տունը խոստացել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրել այնքան ժամանակ, մինչև Իրանի իշխանությունները չփոխեն իրենց ռազմավարությունը:

«Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում սխալ էր Իրանին թույլ տալ ուրանը հարստացնել ցանկացած ծավալով: Հարկ չկա նշել, որ նախքան գործարքի կնքումը Իրանը խախտում էր պայմանները»,- ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ 1 տարի անց Իրանը հայտարարել էր 60 օրվա ընթացքում ծրագրի որոշ կետերի պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին: ԳՀՀԾ-ի պարտավորություններից մասնակի հրաժարումն Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային ծրագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է: