Վաղը՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվա առթիվ՝ սկսած ժամը 11:00-ից, մինչեւ կեսգիշեր հայաստանյան թանգարաններից շատերի դռները բաց կլինեն այցելուների համար: «Թանգարանային գիշեր» կոչվող միջոցառման շրջանակում բոլորը կարող են այցելել իրենց նախընտրած թանգարաններն ու ծանոթանալ այնտեղ պահվող մշակութային հարստություններին:
«Մեծ տոնակատարություն է լինելու թանգարանների սիրահարների համար: Չնայած մեծ հերթերին՝ բոլոր թանգարանները պետք է մարդաշատ լինեն, օրն էլ պետք տոնական անցնի»,-այսօր՝ մայիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ դեռեւս չի որոշել, թե որ թանգարաններն է այցելելու միջոցառման ընթացքում, բայց նախապատվությունն այս անգամ կտա այն մշակութային կենտրոններին, որտեղ դեռ չի եղել.
«Փորձում ենք թանգարանները ներկայացնել նոր մոտեցումներով, որպեսզի դրանք հնարվորինս շատ այցելուների գրավեն: Թանգարանները պետք է լինեն նաեւ կրթական հաստատություններ: Կարեւորում ենք նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց այցը թանգարաններ, այդ նպատակով ծրագրում ենք իրականացնել շինարարական աշխատանքներ՝ վերելակներ կառուցելու համար»:
Միջոցառման այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. Ավանդույթի ապագան»:
Ա. Սպենդիարյանի տուն թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց, որ օրը որքան տոնական, նույնքան էլ ստրեսային է լինում փոքր տարածք ունեցող թանգարանների համար, բայց միջոցառման մասնակիցը լինելու լուծումը գտել են.
«Ա. Սպենդիարյանի անվան թանգարանն առաջիններից էր, որ միացավ այս միջոցառմանը: Մենք այս տարիների ընթացքում հասկացել ենք, որ օրը բացի տոնական լինելուց, նաեւ մի փոքր ստրեսային է թանգարանների համար: Կան թանգարաններ, որոնց տարածքները փոքր են շատ մարդ տեղավորելու համար: Մենք 10-15 այցելուից ավել չենք կարողանում ընդունել, եւ որոշեցինք իրականացնել մի ծրագիր՝ թանգարանն իր պատերից դուրս: Այդ ավանդույթը կշարունկենք նաեւ այս տարի: Վաղը ժամը 19:00-ից սկսած կկազմակերպենք համերգային ծրագիր՝ երգչախմբի եւ ջազ երաժիշտների մասնակցությամբ: Իսկ թանգարան մարդիկ կարող են այցելել այլ օրերին»:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը չշրջանցեց նաեւ թանգարանների խնդիրների թեման՝ դրանց մեջ ներառելով հասանելության, ջեռուցման, ժամանակակից աշխարհին ներկայանալու խնդիրները: Նա նաեւ հավելեց, որ նախարարությունը ծրագրում է հայաստանյան թանգարաններն ապահովել աուդիո-գիդերով, որոնք բաղկացած կլնեն 10 լեզուներից:
«Թանգարանային գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ: Տոնին կմասնակցեն 100-ից ավել թանգարաններ:
0Comments