ԼՂ հակամարտությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Չավուշօղլու

ԵԱՀԿ ՄԽ առաջարկած սկզբունքներից մեկը հակամարտության խաղաղ կարգավորումն է, որի հետ պարբերաբար արտաքուստ համաձայնում է Ադրբեջանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի՝ ոչ թե միայն Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի համար։ Այս մասին այսօր Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նա հայտարարել է, թե Թուրքիան կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը։

Չավուշօղլուի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիայի դիրքորոշումը համընկնում է հայկական կողմերի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումների հետ։ ԵԱՀԿ ՄԽ առաջարկած սկզբունքներից մեկը հակամարտության խաղաղ կարգավորումն է, որի հետ պարբերաբար արտաքուստ համաձայնում է Ադրբեջանը, իսկ երբ այդ երկրի նախագահը վերադառնում է Բաքու, վերսկսում է ռազմատենչ հայտարարություններ անել։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը նույնպես մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ (բայց ոչ համանախագահների եռյակի մեջ), ու թեև պարտավոր է որպես միջնորդ կողմ հավասարակշռված դիրքորոշում պահպանել հակամարտության հարցում, սակայն մշտապես պաշտպանում է Ադրբեջանի շահերը։