«Իսրայելի սցենարը» ուշադրություն շեղելու համար է. Իրանի ԱԳՆ-ն` Գոլանի միջադեպի մասին

Մանրամասներ
իրան

Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղին հարվածելը Թել Ավիվի «կեղծ սցենարն է»՝ հանրության ուշադրությունը Գազայի հատվածում իր հանցագործություններից շեղելու համար։ Իսրայելի ցանկացած անհիմն գործողություն կարող է անկայունություն առաջացնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի պատասխանատվությունը կրելու է իսրայելական կողմը, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Հուլիսի 27-ին Իսրայելը հայտնել էր, որ Գոլանի բարձունքներին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտնել էր, որ հերքում է իր մասնակցությունը Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի գնդակոծմանը: Չնայած դրան, իսրայելցի պաշտոնյաները սկսեցին հայտարարել «Հզբոլլահի» և Լիբանանի հետ պատերազմ սկսելու հավանականության մասին:

«Գազայի հատվածում տեղի ունեցած զանգվածային սպանություններից, պաղեստինցի կանանց և երեխաների սպանություններից տասը ամիս անց Իսրայելի ապարտեիդի ռեժիմը կեղծ սցենարի միջոցով ձգտում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Պաղեստինում իր զանգվածային հանցագործություններից։ Իսրայելի ռեժիմը բարոյական ոչ մի իրավունք չունի արտահայտվելու և դատելու Մաջդալ Շամս շրջանում տեղի ունեցած միջադեպը, և այդ ռեժիմի հայտարարությունները, որոնք ուղղված են ուրիշների դեմ, չեն լսվելու»,- Քանանի խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքը:

ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած անխոհեմ գործողություն կարող է հանգեցնել տարածաշրջանում անկայունության և պատերազմի։ Այդ դեպքում Թել Ավիվը կրելու է իր վարքագծի անկանխատեսելի հետևանքների հիմնական պատասխանատվությունը։ Քանանին կոչ է արել ԱՄՆ-ին ՝ Իսրայելին զանգվածային ոչնչացման զենքով զինելու և նրա վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելու փոխարեն կատարել իր միջազգային և բարոյական պատասխանատվությունը համաշխարհային խաղաղության և անվտանգության վերաբերյալ և թույլ չտալ, որ նոր կրակ վառվի, որը կազդի նաև հենց Իսրայելի վրա:

Մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները սիրիական Էլ-Կունեյթրա նահանգի մաս էին կազմում, այն բնակեցված էր հիմնականում դրուզներով՝ արաբների առանձին էթնո-կրոնական խմբով։ 1967 թվականի վեցօրյա պատերազմի, ինչպես նաև 1973 թվականի արաբա-իսրայելական չորրորդ պատերազմի ընթացքում Իսրայելը գրավեց այս ռազմավարական տարածքի երկու երրորդը։ 1981 թվականին հրեական պետությունը միակողմանի կարգով ինքնիշխանություն հռչակեց տարածաշրջանի նկատմամբ, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չընդունեց այդ որոշումը: