Արտաքին որոշ ուժերի կամակատար Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է ՀՀ պետականությունը.ՀՀԿ հայտարարությունը

Մանրամասներ
հհկ

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 

  • պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը, 
  • հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու, 
  • արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, և այն չի կարող ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում, 
  • անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների և առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը, 
  • անթույլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը, 
  • վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է, 
  • ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը, 
  • դատապարտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը և անգործությունը:

Որպես համապարփակ պայմանագիր ներկայացվող փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է այսպես կոչված «միջանցքի» տրամադրման, ՀՀ ապառազմականացման, նոր ագրեսիայի վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության գոյության դեմ ուղղված այլ ռազմատենչ հայտարարություններ անել։

 Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը»։