Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է. ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի շուրջ տարածաշրջան խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է հնարավորինս արագ, շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ:
Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան, համաձայնագրի տեքստում չկա։ Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։
Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը և որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է, որ այս մտահոգությունը փարատի: Մյուս կողմից մեր մոտեցումը ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է և փոփոխություններ չի կրել: Մենք ներկայացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական, մեր համոզմամբ, երկուստեկ ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին, և այդ առաջարկը հետևյալն է, նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացը ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ և վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր կառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են»,- հայտարարեց Միրզոյանը:
Նա ավելի պարզ ասաց. «Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան:
Մենք նաև կարծում ենք, որ, ինչպես և նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա, բեռների, օրինակ, անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»:
0Comments