Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ փակ խորհրդակցություններ են խնդրել՝ կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ակնկալում ենք, որ Խորհրդի դանիական նախագահությունը դրանք կնշանակի մարտի 10-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին)»,- նշել է Պոլյանսկին:
Ավելի վաղ ռուսաստանյան Bloknot լրատվամիջոցը հայտնել էր, որ վերջին օրերին Սիրիայում էթնիկ և կրոնական հողի վրա տեղի ունեցած զանգվածային սպանությունները նոր թափ են ստանում՝ ալավիների և քրիստոնյաների ամբողջական ընտանիքներ են գնդակահարվում, մորթվում և գլխատվում։
Նշվում է, որ ԴԱԻՇ-ի նախկին անդամները ակտիվորեն գործում են պաշտոնական Դամասկոսի դրոշի ներքո։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ երկրի նոր իշխանությունները ցեղասպանություն են կազմակերպել։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Sohr) տվյալներով՝ Սիրիայի ռազմական գործողությունների վարչությունը անօդաչուներով և հրետանային արկերով հարձակվել է Բանիաս գյուղական տարածքի տարբեր շրջանների վրա՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում:
Ըստ Sohr-ի աղբյուրների, անօդաչուները հարձակվել են լեռնային և անտառապատ շրջանների վրա։
Լաթաքիայի և Տարտուսի շրջանները ենթարկվել են տանկերի և անօդաչոների ինտենսիվ ռմբակոծությանը:
0Comments