Լաթակիայի համայնքային կառույցները հայությանը հորդորել են մնալ տներում

Մանրամասներ
Սիրիա

Այս օրերին Սիրիայի ծովափնյա որոշ շրջաններում, հատկապես երկրի գլխավոր նավահանգիստ Լաթակիայում զինված բախումները ազդեցություն են ունենում նաև այնտեղ բնակվող մեծաթիվ հայության վրա։ Այս մասին գրում է «Արևելք»-ը։

իրիայի ապահովական ուժերի և  ծովափի շրջանների զինյալ խմբավորումների միջև բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան։  Երեկ օրվա ընթացքում բախումները հասել էին մինչև Լաթակիայի կենտրոնը։

Զինյալները Սիրիայի տապալված նախագահ Բաշաար Ալ-Ասադի կողմնակիցներից են, որոնք երկրի անվտանգության 15-ից ավելի աշխատակցի են սպանել։ Ըստ լրատվամիջոցների, երկու կողմից զոհերի թիվը 70-ից անցնում է։

«Արևելք»-ի տեղեկություններով, Լաթակիայի համայնքային կառույցները՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրբոց Նահատակաց վարժարանն այսօր փակ են՝ բնակիչներին հորդորել են մնալ տներում և  դուրս չգալ։  Կայքի տեղեկություններով, հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր նախատեսված արևգալի եւ հսկման  արարողությունները չեն կատարվելու։

Լաթակիա-Թարթուս ճանապարհը փակ է, շրջանում ժամանակ առ ժամանակ պարետային ժամ է հայտարարվում։

Հայկական համայնքային կառույցները հայերին տեղեկացնում են, որ հարցերի դեպքում կարող են զանգահարել բժիշկ Մինաս Պալյանին (0933617706) եւ Ավետիս Գարբուշյանին (0933258111)։