Գրոզնիի օդանավայանում 2 օր առաջ էին տեղադրել «Պանցիր», որով էլ խոցվել է ադրբեջանական ինքնաթիռը

Մանրամասներ
վթար

Բաքվից Գրոզնի թռչող` «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած ВЧК-ОГПУ ալիքը գրում է, որ «արդեն վստահորեն կարելի է ասել, որ այն խոցվել է Չեչնիայի Նաուրսկի շրջանի օդային պաշտպանության համակարգերի կողմից, որոնք նույն տեղում և նույն ժամին կրակելիս են եղել երկու անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ: Միջադեպից երկու շաբաթ առաջ Գրոզնիի օդանավակայանի տարածքում երկու «Պանցիր» է տեղադրվել։ Ըստ ամենայնի, իշխանություններն անմիջապես հասկացել են կատարվածը, քանի որ ինքնաթիռի խոցումից մեկ րոպե անց հայտարարվել է «Կարպետ» պլան։ (Պլան «Կարպետ»-փակ երկնքի ռեժիմ բոլոր տեսակի օդային սարքերի համար, բացի ՊՆ և ԱԻՆ հաշվեկշռում գտնվողներից. նրանց հրահանգվում է կամ անհապաղ վայրէջք կատարել կամ հեռանալ տարածքից):

mamul.am-ի փոխանցմամբ՝ Telegram-ալիքի տվյալներով՝ «այդ առավոտյան Չեչնիայի երկնքում երեք անօդաչու թռչող սարք են խոցել։ Մեկը թռել է Վիսայտովսկի շրջանից, մյուս երկուսը` ավելի հյուսիսից՝ հենց Նաուրսկի շրջանի վրայով՝ Նիկոլաևսկոյե գյուղական բնակավայրի վրա։ Հենց այնտեղ էլ խոցվել է ինքնաթիռը։ Վթարից հետո ինքնաթիռի անձնակազմն ի սկզբանե միջադեպը շփոթել է թռչնի հարվածի հետ»:

Օդանավի անձնակազմի և դիսպետչերի խոսակցությունների սղագրության համաձայն՝ «թռչուններին բախումը» տեղի է ունեցել ժամը 08:16-ին։ Աղբյուրը պարզել է, որ «Կարպետ» պլանը, ըստ որի բոլոր քաղաքացիական ինքնաթիռները պետք է լքեին վտանգավոր գոտին, ներդրվել է արտակարգ իրավիճակից մեկ րոպե անց՝ ժամը 08:17-ին։ Ըստ երևույթին, ՌԷՊ և ՀՕՊ համակարգերի կիրառումից անմիջապես հետո։ Ինքնաթիռը նախազգուշացումներ չի ստացել։ Ըստ կանոնակարգի՝ դիսպետչերը պետք է օդանավի անձնակազմին տեղեկացնի «Կարպետ»-ի մասին քաղաքացիական հաճախականությամբ, սակայն, ինչպես երևում է խոսակցությունների սղագրությունից, նախազգուշացումներ չեն տրվել։

Ճակատագրական օրը ղեկավարող թռիչքային տնօրենը պնդում է, որ «Կարպետ» պլանի ներդրման մասին զինվորականներից է իմացել միայն ժամը 08:21-ին։ Այդ ժամանակ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի անձնակազմն արդեն «թռչնահարվածից» հետո զեկուցել էր դիսպետչերին և տեղեկություն էր խնդրել այլընտրանքային օդանավակայանի մասին։