Քանի որ ռուսական «Գազպրոմբանկ»-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «ազդում են Թուրքիայի վրա», Անկարան Վաշինգթոնին խնդրում է դրանք չեղարկել թուրքական կողմի համար: Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, գրել է թուրքական Hürriyet թերթը՝ նշելով, որ այս հարցը բարձրացվել է դեկտեմբերի 13-ին Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։
«ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկ»-ի դեմ, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին` օգտվել միջազգային ֆինանսական համակարգից»,- հիշեցնում է աղբյուրը:
«Գազպրոմբանկ»-ից բացի, պատժամիջոցների ցանկում ներառված են միջազգային կապեր ունեցող ավելի քան 50 ռուսական բանկ, ավելի քան 40 ռուսական արժեթղթերի ռեգիստրատոր: Ֆինանսական հատվածի հետ առնչվող ռուս պաշտոնյաներն ասել են, որ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա, և որ վերջինը ցանկանում է ազատվել պատժամիջոցներից։
Նշվում է, որ Թուրքիան «անհրաժեշտ հարցումներ» է ուղարկել Վաշինգթոն։ Իրենց հերթին «ամերիկացիներն ասել են, որ տեղյակ են այդ դիմումներից, տեղյակ են խնդրին և ուսումնասիրում են այդ հարցը»։
Նոյեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննադատել էր «Գազպրոմբանկ»-ի և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու` ԱՄՆ-ի որոշումը։ Թուրքիան իր գազի 40%-ը ներկրում է «Գազպրոմ»-ի միջոցով, այնինչ «ԱՄՆ-ին դա չի հետաքրքրում», այն ժամանակ վրդովվել էր Ֆիդանը։
0Comments