Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի դեսպանները կանչվել են Վրաստանի ԱԳՆ

Մանրամասներ
Վրաստանի ԱԳՆ Վրաստան

Վրաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Լիտվայի, Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանները և Լատվիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դարիուս Վիտկաուսկասը, Մարգե Մարդիսալու-Կահարը և Լոլիտա Լենկևիչը, հայտնել է վրացական Առաջին ալիքը:

Հանդիպմանը մտահոգություն է արտահայտվել երեք երկրների՝ Վրաստանի իշխանությունների ղեկավարների և իրավապահների դեմ պատժամիջոցներ կիրառելու հայտարարության առնչությամբ։

«Նշվել է, որ այդ քայլը չի ​​համապատասխանում երկրների միջև գործընկերային հարաբերությունների շրջանակին։

Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանը հավատարիմ է միջազգային չափանիշներին, և Վրաստանի պետական ​​մարմինները գործում են սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան՝ երկրում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար։

Նշվել է, որ ինքնիշխան պետության ինստիտուտների գործունեության վրա ազդելուն ուղղված հայտարարությունները, որոնք ընկալվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին, անընդունելի են։

Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է, որ մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը Եվրամիության հետ հարաբերությունների օրակարգ չդնելու և ԵՄ բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու վրացական իշխանությունների որոշումը չի նշանակում դադարեցնել Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացը և միտված է կանխելու այս հարցի վերաբերյալ ներկայիս ապակառուցողական շահարկումները։ Վրաստանի իշխանությունները վճռականորեն կշարունակեն Եվրամիությանն ինտեգրման անշրջելի գործընթացը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հիման վրա, որը երկրին հնարավորություն է տալիս ավելի լավ նախապատրաստվել ԵՄ անդամակցության վերաբերյալ արագ բանակցություններին, հետևաբար՝ Վրաստանի իշխանությունների կողմից Եվրամիության հետ բանակցությունները դադարեցման մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում:

Հանդիպմանը Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ կողմերը կվերադառնան երկրների միջև ավանդաբար գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին, և համագործակցությունը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա, ասված է հայտարարության մեջ։