Բանկերը հարստանում են, քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակ. 168.am

Մանրամասներ
Բանկ նիկոլ

168.am

Արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզ ասած՝ իրականացնում է էժան փողի քաղաքականություն։ Իջեցնում է փողի գինը։ Այս քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին՝ վարկային շուկային։

Ենթադրվում է, որ ոչ միանգամից, բայց որոշակի ժամանակ հետո այն պիտի հանգեցներ վարկերի էժանացման։ Սակայն մեկ տարի անց էլ վարկերը չեն էժանանում։

Կենտրոնական բանկի փողի էժանացման քաղաքականությունը չի փոխանցվում վարկային շուկային, արդյունք չի տալիս։ Ու չնայած նրան, որ այս ընթացքում էապես նվազեցվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առևտրային բանկերը չեն արձագանքել ԿԲ գործողություններին, չեն էժանացրել վարկերը, շարունակել են բարձր պահել վարկերի տոկոսադրույքները, քամել են քաղաքացիներին ու տնտեսությանը։

Սրա մասին իշխանությունները շատ չեն խոսում, նախընտրում են լռել, հարկ եղած դեպքում՝ պատճառաբանություններ բերել ու արդարացումներ փնտրել։ Նախկինում պիտի լիներ, որ Նիկոլ Փաշինյանը կոկորդ պատռեր, թե բանկերը թալանով են զբաղված, դատարկում են մարդկանց գրպանները։ 

Անցած տարվա կեսերից ԿԲ-ն հասցրել է փողի գինը նվազեցնել 3,25 տոկոսային կետով։ Սա փողի էժանացման բավական մեծ քայլ է։ Մեկ տարուց մի փոքր ավել ժամկետում Կենտրոնական բանկից դուրս եկող փողի գինն ընդհուպ 30 տոկոսով իջել է, բայց դատելով հրապարակվող պաշտոնական տվյալներից՝ դա բոլորովին չի ազդել բանկերի վարկային տոկոսների վրա, չի նպաստել վարկերի էժանացմանը, վարկերը մի բան էլ թանկացել են։

Ֆինանսական շուկայի վերաբերյալ Վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, անցած տարվա հունիսին, երբ Կենտրոնական բանկը, երկար թանկացումից հետո, առաջին անգամ նվազեցրեց փողի գինը, մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 12,14 էր։ Հունիսից սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3,25 տոկոսային կետով նվազեցվել է, իսկ մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա հունիսին կազմել է 12,92 տոկոս՝ ավելի բարձր, քան անցած տարվա հունիսին էր։

Ոչ միայն չի իջել, այլև բարձրացել է։ Այս տարվա հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, վարկերը նույնիսկ թանկացել են. մինչև մեկ տարի ժամկետայնության վարկերի միջին տոկոսադրույքը դարձել է 13,80 տոկոս։

Ահա այսպես են արձագանքել բանկերը՝ փողն էժանացնելու՝ Կենտրոնական բանկի քաղաքականությանը։

Այս ընթացքում մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային ավանդների տոկոսները գրեթե փոփոխության չեն ենթարկվել։ Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա տատանվում են 8,30 տոկոս միջին տոկոսադրույքի սահմաններում։

Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը բացարձակ ազդեցություն չի ունեցել բանկերի վարքագծի վրա։ Բանկերը, նվազեցնելու փոխարեն՝ շարունակել են բարձր պահել վարկերի, առնվազն՝ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները։ Հայտնի է, որ մինչև մեկ տարի ժամկետայնության վարկերը հիմնականում սպառողական վարկերն են, որոնց շահառուները բացառապես քաղաքացիներն են։ Ու մինչ բանկերը շարունակել են բարձր պահել վարկերի տոկոսադրույքները՝ տուժողը եղել է երբեմնի հպարտ քաղաքացին, ով, այլընտրանք չունենալով, ստիպված է եղել մտնել թանկ վարկերի տակ։

Բանկերի հիփոթեքային և սպառողական վարկերի պորտֆելը, որի շահառուները բացառապես քաղաքացիներն են, այս տարվա հուլիսի վերջի դրությամբ՝ անցել է 2,4 տրիլիոն դրամից։ Միայն այդ երկու վարկերի գծով քաղաքացիները բանկերին պարտք են ավելի քան 6 մլրդ դոլար։

Քաղաքացիների վարկային բեռն է, որ վերջին տարիներին արագորեն ավելացել է։ Ավելացել է՝ թանկ վարկերի հաշվին։  Բանկերը հարստանում են, քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակ։ Կապ չունի, թե ինչ քաղաքականություն է փորձում թելադրել Կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում։

Բանկերը սեփական խաղն են խաղում, երբեմն՝ տրամագծորեն հակառակը, քան ենթադրում է ԿԲ քաղաքականությունը։ Բարձր են պահում վարկերի տոկոսադրույքները ու հնարավորինս քամում վարկառուներին։

Թե ի՞նչ է լինելու սրա վերջը, կերևա այն ժամանակ, երբ կբախվենք վարկերով չափից դուրս ծանրաբեռնված քաղաքացիների վարկունակության կորստի հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ