Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ և բավականին լայն տարածում ունեն։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանում օֆշորային սխեմաների մասին հարցին։
«Այո, գործում են և բավականին լայն տարածում ունեն։ Երկիրը կարող է նաև օֆշորային երկիր չլինել, բայց իր հետ կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը որոշակի առավելություններ կարող է տալ։ Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի իմաստն այն է, որ նույն տեսակի եկամուտը երկու երկրում չհարկվի։ Բայց կան իրավիճակներ, որ այդ համաձայնագրերն այնպես են կիրառվում, որ ստացվում է կրկնակի չհարկում՝ ոչ այնտեղ, ոչ այստեղ։
Եվ մենք ուսումնասիրություն ենք արել 2019-2021 թվականների համար ու արձանագրել ենք, որ շուրջ 3 տարվա կտրվածքով 616 միլիարդ դրամի եկամուտ է Հայաստանից վճարվում ոչ ռեզիդենտներին, որոնք կամ չեն հարկվում, կամ հարկվում են նվազ դրույքաչափերով։ Ընդ որում, այդ թվի մեջ միանշանակ կան այնպիսի դեպքեր, երբ երկու կողմից էլ չեն հարկվում»,- նշել է Բադասյանը։
Նրա խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Լյուքսեմբուրգի և Կիպրոսի հետ կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը լուրջ խնդիրներ են առաջացնում։
«Մենք նախնական գնահատական ունենք, թե որքան կորուստը կարող է լինել․ խիստ նախնական գնահատականներով մոտ 50-60 միլիարդ դրամի գումար կա, որը պետք է հարկվի»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։
0Comments