168.am-ը գրել է.
Մեկ տարի է՝ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա, իսկ մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին, ցեղասպանության վտանգի տակ պահանջեց, որպեսզի արցախահայերը լքեն իրենց բնօրրանը։ Ադրբեջանի պատերազմական գործողությունների հետևանքով 120 հազարից ավելի հայեր ենթարկվեցին էթնիկ զտման և բռնի տեղահանության, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, սպանվեցին, կան անհետ կորածներ։
Մինչև այս պահը ՀՀ գերատեսչություններից միայն ԱԳ նախարարությունն է հայտարարությամբ անդրադարձել այս ողբերգությանը։
Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանության պահվածքը սպասելի էր, սպասում էր, որ նրանց կողմից որևէ հայտարարություն ու քննադատություն չի լինելու։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրվեց, քանի որ արդեն նպատակ ունեին Արցախն ամբողջովին հայաթափելու։ Եկել եմ այն եզրակացության, որ այս ամենն ամբողջությամբ կազմակերպված է եղել։ Նույնիսկ այդ ժամանակ ՀՀ իշխանության կողմից որևէ հայտարարություն չեղավ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանի կողմից արցախահայերին ուղիղ սպառնալիք չկա։ Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Գիտեին, որ սա հաջորդ փուլն է, որը պետք է տեղի ունենա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։
Այս ամենը հաշվի առնելով, Արծվիկ Սարգսյանը չի պատկերացնում, որ ՀՀ իշխանությունը կարող է միջազգային հարթակներում բարձրացնել արցախահայերի՝ Արցախ վերադառնալու հարցը։ Իսկ արցախահայերի վերադարձն անձամբ պատկերացնում է, որ պետք է լինի միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավմամբ և Բերձորի միջանցքի անխափան աշխատանքի պայմաններում։
«Արցախ վերադարձի դեպքում, պետք է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, անխափան աշխատի, որտեղ կկանգնեն միջազգային խաղաղապահներ։ Բայց ամեն ինչ մի քիչ դժվար եմ պատկերացնում, քանի որ թուրքերին արդեն լցրել են Արցախ, դրա համար միջազգային երաշխիքներ պետք է լինեն։
Մենք 2023 թվականի սեպտեմբերին Արցախում մնալու որևէ հնարավորություն չունեինք, մնալ՝ նշանակում էր ցեղասպանվել։ Ադրբեջանցիները բոլոր կողմերից ներխուժում էին, դիրքավորվում, ամեն րոպե կրակում էին, այդ պայմաններում հնարավոր չէ ապրել։ Եթե Արցախում լինեին հին դիրքերը, իհարկե, կարող էինք պաշտպանվել, բայց հին դիրքերը չկային, թշնամին կատաղած ուզում էր ոչնչացնել խաղաղ բնակիչներին»,- ընդգծեց Արծվիկ Սարգսյանը։
Նա հիշատակեց Ադրբեջանի ձեռամբ Շուշիի Քարին Տակ գյուղն ամբողջությամբ ոչնչացնելու քայլը, շեշտելով՝ Քարին Տակը ոսկոր էր Ադրբեջանի կոկորդին այնպես, ինչպես ամբողջ Արցախը։
«Այսպիսի հայատյացությամբ լցված երկրի դեպքում ինչպե՞ս են պատկերացնում, ինչպե՞ս կարող էր արցախցին մնալ Արցախում, այսինքն՝ մենզ առաջարկում են ինքնակամ ցեղասպանությո՞ւն։
Մեզ նույնիսկ չեն ուզում Հայաստանում փախստական ճանաչել, 30 տարի շարունակ Ադրբեջանն առաջ էր տանում իրենց փախստականների հարցը, իսկ ՀՀ իշխանությունը, մեկ տարի էլ չի անցել՝ ուզում է առհասարակ մեր հարցը փակել։ Եթե մեզ փախստական չեն ճանաչում, վաղը-մյուս օրը մենք աշխարհին ինչպե՞ս ենք ասելու՝ որտեղից ենք։ ՀՀ անձնագիր եմ ստացել, մեջը գրված չէ, թե ես որտեղ եմ ծնվել, գրված է ՀՀ քաղաքացի միայն, լավ, բա ես որտե՞ղ եմ ծնվել։ Չգիտեմ, բայց եթե այսպես շարունակեն, ժամանակ է գալու, որ առհասարակ Արցախի մասին հիշատակում չի լինելու»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։
0Comments