2035 թվականին հայկական բանակը կմտնի Ստեփանակերտ. Նաիրի Հոխիկյան

Մանրամասներ
Զինվոր արցախ-բանակ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլից հետո Հայաստանի հաջորդ, արդեն ազգային կառավարության հիմնական ծրագրերից մեկը վերաբերում է Արցախին ու արցախցիներին.

1. Բոլոր այն արցախցիները, ովքեր փաստացի բնակվել են Արցախում և բռնի տեղահանվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանին հանձնված տարածքներից (Հադրութ, Շուշի, Վարանդա, Ջրական, Կովսական, Քարվաճառ, Մատաղիս, Ակնա, Քաշաթաղ, Սանասար և այլն) ստանում են իրենց ծննդավայրից բռնի տեղահանվածի՝ փախստականի անժամկետ կարգավիճակ։

2. Բոլոր այն Արցախցիները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ փաստացի եղել են Արցախում, ստանում են Ադրբեջանի կողմից ահաբեկչության ենթարկվածի և բռնի տեղահանվածի՝ փախստականի կարգավիճակ։

3. 2020-ի պատերազմի և հետո 2023-ի ահաբեկչական հարձակման հետևանքով Արցախից բռնի տեղահանված բոլոր Արցախցիները ստանում են անժամկետ ֆինանսական օժանդակություն, եթե բնակվում են Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև սեփականության իրավունքով բնակարանի հատկացումը։

4. Արցախից տեղահանվածների համար կառուցվում են համայնքներ, որտեղ անվճար տներ են հատկացվում՝ ըստ բնակավայրերի։ Օրինակ, Արցախի Մարտակերտ քաղաքում և շրջակա գյուղերում բնակվածներին տներ հատկացվում են նույն վայրում, որպեսզի պահպանվեն նաև տեղական սովորույթները և բարբառը։ Նույնը վերաբերում է Արցախի մյուս բոլոր բնակավայրերի բնակիչներին։

5. Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքները, եթե բնակվում են սահմանամերձ բնակավայրերում, ստանում են երեխաների լիովին անվճար բարձրագույն կրթության իրավունք։ Նույնը վերաբերում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող բոլոր քաղաքացիներին։ Նաև ՀՀ հինավուրց բնակիչները։

6. Սկսվում է Արցախից տեղահանվածների նյութական և ոչ նյութական կորուստների վերադարձի միջազգային գործընթաց, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում դիվանագիտական ճնշումներով ստիպել Ադրբեջանին գնալ զիջումների։

Իսկ եթե անկեղծ, չեմ հավատում դիվանագիտական ճանապարհով Արցախի վերադարձի։ 2035 թվականին հայկական բանակը կմտնի Ստեփանակերտ, իսկ մինչ այդ պետք է ապահովել Արցախցիների արժանապատիվ ապրելու հնարավորությունը մայր Հայաստանում»։