Ընտանիք կազմելու համար կանանց եւ տղամարդկանց կատարյալ հասակը

Մանրամասներ
զույգ

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, թե լուրջ հարաբերություններ ու ընտանիք կազմելու համար տղամարդկանց եւ կանանց համար ո՞ր հասակն է համարվում կատարյալ: Այս մասին գրում է rg.ru կայքը: Հետազոտությանը մասնակցել է ուժեղ եւ թույլ սեռի շուրջ 50 հազար ներկայացուցիչ:

Այսպես. հարցված կանանց կարծիքով, տղամարդը պետք է իրենցից ավելի բարձրահասակ լինի, ցանկալի է՝ 20 սմ: Իրենց հերթին, տղամարդիկ հարմարավետ են զգում իրենցից 8-10 սմ ավելի ցածրահասակ կնոջ կողքին: Պատասխանների ուսումնասիրության արդյունքում գիտնականները ներկայացրել են «կատարյալ» հասակի միջին ցուցանիշը. կանանց համար այն 173 սմ է, իսկ տղամարդկանց համար՝ 188 սմ:

Գիտնականները հասակի հարցում նախընտրություններն առաջին հերթին բացատրում են կենսաբանության օրենքներով: Այդ տեսության համաձայն, համարվում է, որ տղամարդը որքան բարձրահասակ է, այնքան բարձր է վերարտադրողական հաջողության ցուցանիշը:

Վերջերս ամերիկյան գիտնականները նաեւ կապ էին գտել մարդու հասակի եւ երջանկության նրա զգացողության միջեւ: Այսպես. պարզվում է՝ միջահասակից բարձր կանայք եւ տղամարդիկ (կանայք՝ 162.6 սմ, տղամարդիկ՝ ավելի քան 177.8 սմ) իրենց ավելի հաջողակ եւ երջանիկ են զգում, քան կարճահասակները: