Կոչ ենք անում Բելառուսին հետ քաշել զորքերը Ուկրաինայի պետական սահմանից․ Ուկրաինայի ԱԳՆ

Մանրամասներ
բելառուս

Բելառուսի բանակը զորավարժությունների անվան տակ զգալի ուժեր է կենտրոնացրել բելառուսա-ուկրաինական սահմանին, տեղեկացրել է Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին։ Բելառուսական տեխնիկա, տանկեր, հրետանի է նկատվել Գոմելի մարզում, վկայում է գերատեսչության թելեգրամ-ալիքը։

«Կոչ ենք անում Բելառուսի պաշտոնատար անձանց սեփական երկրի համար ողբերգական սխալներ չգործել Մոսկվայի ճնշման տակ, իսկ նրա զինված ուժերին կոչ ենք անում դադարեցնել թշնամական գործողությունները եւ հետ քաշել զորքերը Ուկրաինայի պետական սահմանից»,- նշվել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում։

Այստեղ հիշեցրել են, որ զորավարժությունների անցկացումը սահմանին եւ Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ ազգային անվտանգության սպառնալիքներ են ստեղծում Ուկրաինայի եւ առհասարակ համաշխարհային անվտանգության համար։ Այստեղ նաեւ նշել են, որ Ուկրաինան երբեք չի արել եւ չի պատրաստվում անել որեւէ թշնամական գործողություն բելառուս ժողովրդի դեմ։

Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ հարձակումից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է ուժեղացնել զորախմբավորումները ուկրաինական սահմանի մոտ։ Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ սահմանամերձ շրջաններ են ուղարկվել հատուկ գործողությունների զորամասեր, ցամաքային եւ հրթիռային զորքեր։ Դրանց թվում են «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը եւ «Իսկանդեր» համալիրները։ Այնտեղ են ուղարկվել նաեւ տանկեր։

Այս որոշմանը նախորդել են Լուկաշենկոյի հայտարարություններն այն մասին, որ ուկրաինական հարվածային անօդաչուներն իբր խախտել են Բելառուսի օդային տարածքը։ Բոլոր դրոնները, նախագահի խոսքով, խփվել են Բելառուսի Հանրապետության ՀՕՊ կողմից։ Լուկաշենկոն Կիեւին մեղադրել է սադրանքի եւ բոլոր պայմանավորվածությունները խախտելու մեջ եւ տեղեկացրել է, որ այս ֆոնին Բելառուսի ՌՕՈւ-ն բերվել է բարձր պատրաստվածության վիճակի։ «Ցանկացած սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։

Բելառուսի մտադրությունները՝ Իսկանդերները» եւ «Պոլոնեզները» սահմանամերձ շրջան ուղարկելու հետ կապված, փորձ են շեղելու Ուկրաինայի ԶՈւ հրամանատարության ուշադրությունը հարձակումից Կուրսկի մարզում եւ դրանով իսկ օգնելու Վլադիմիր Պուտինին, մեկնաբանել է Լուկաշենկոյի որոշումը Ապատեղեկատվությանը դիմակայելու ուկրաինական կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։