ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու հնարավորության հարցը, հայտարարել է, որ դաշինքն ուկրաինական տարածքում զինվորականներ տեղաբաշխելու պլաններ չունի, սակայն դաշինքի անդամներն իրավունք ունեն Կիևին «բազմակողմ աջակցություն» ցուցաբերել:
Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է Ֆինլանդիայում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ուկրաինան, միջազգային իրավունքին համապատասխան, ինքնապաշտպանության իրավունք ունի: Մենք իրավունք ունենք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Դաշնակիցները տարբեր ձևերով օգնություն են ցուցաբերում Ուկրաինային: ՆԱՏՕ-ն Ուկրաինայում ուժեր տեղաբաշխելու պլաններ չունի», – ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային կայուն, երկարաժամկետ աջակցություն և անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորում ապահովելու ուղղությամբ։
Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի՝ Ուկրաինային տրվող օգնության ընթացքում դադարները չպետք է կրկնվեն, իսկ ռազմական աջակցության առումով Ուկրաինային հարկավոր է «կանխատեսելիություն և հաշվետվողականություն»։
0Comments