ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները չպետք է վախենան «Վլադիմիր Պուտինի միջուկային զենքից»: Նա հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն կարող է պատասխանել ցանկացած սպառնալիքի։ Այս մասին Մարկ Ռյուտեն ասել է Sky News-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ հաջորդ շաբաթ սկսվող ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զորավարժությունները «հստակ ազդանշան են ուղարկում հակառակորդներին, որ մենք պատրաստ ենք արձագանքել ցանկացած սպառնալիքի»:
«ՆԱՏՕ-ն ուժեղ է. մենք կարող ենք դիմակայել ցանկացած թշնամու:
Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն ապահով և անվտանգ պահելու համար:
Մեզ երբեք չի վախեցնի ՆԱՏՕ-ից դուրս որևէ մեկը, ով կփորձի սպառնալ մեզ։
Այնպես որ, սա անօգուտ է, ավելի լավ կլիներ, եթե նա (Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը – խմբ.) դադարեցներ դա»,- ընդգծել է Ռյուտեն։
Հարցին, թե արդյոք Ուկրաինան թուլանում է այն փաստով, որ դաշնակիցները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, դեռ թույլտվություն չեն տվել օգտագործել իրենց հեռահար զենքերը Ռուսաստանի տարածքում, Ռյուտեն պատասխանել է. «Ես վստահ չեմ, որ դա այդպես է»:
«Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ ռազմական օգնությունը շարունակի հոսել Ուկրաինա, որպեսզի մենք նաև մեծացնենք արդյունաբերական արտադրությունը Ուկրաինայում և օգնենք նրանց այդ նյութատեխնիկական ապահովման հարցում։
Մեկ զինատեսակ համակարգը չի փոխի պատերազմի ելքը»,- ասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
0Comments