Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին իսրայելական հարվածների հետևանքով գիշերը զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, հայտնում է AP-ն՝ հղում անելով Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաներին:
Առաջին հարվածից զոհվել են մի տղամարդ, նրա կինը և նրանց 3-ամյա երեխան, հայտել են մոտակա քուվեյթական հիվանդանոցից, ուր տեղափոխվել են նրանց մարմինները: Կինը հղի է եղել, բժիշկներին հաջողվել է փրկել երեխային։
Երկրորդ հարվածի հետևանքով զոհվել է ութ երեխա և երկու կին, բոլորը նույն ընտանիքից, ըստ հիվանդանոցի փաստաթղթերի:
Նախորդ օրը երեկոյան Ռաֆահում ավիահարվածի հետևանքով զոհվել էր ինը մարդ, այդ թվում՝ վեց երեխա:
Իսրայելը գրեթե ամեն օր օդային ռմբակոծություններ է իրականացնում Ռաֆահի վրա, որտեղ Գազայի 2,3 միլիոն բնակչության կեսից ավելին ապաստան է գտել հյուսիսում ընթացող մարտերից: Իսրայելը խոստացել է ընդլայնել իր ցամաքային հարձակումը Եգիպտոսի սահմանին գտնվող քաղաքի վրա՝ չնայած զսպվածության միջազգային կոչերին:
Տեղական առողջապահական իշխանությունների տվյալներով, Գազայի հատվածում պատերազմը խլել է ավելի քան 34,000 պաղեստինցիների կյանք, ամայացրել է Գազայի երկու խոշոր քաղաք, ավերածությունների գոտի առաջացրել ամբողջ տարածքում: Բնակչության մոտ 80%-ը լքել է իր տները պաշարված առափնյա անկլավում, որը, ըստ փորձագետների, սովի շեմին է:
0Comments