Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան և բոլոր մուսուլմաններին Ռամադանի ավարտի և Կուրբան Բայրամի կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը։ Ապրիլի սկզբին Իսրայելը հարվածել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին։ Ի պատասխան՝ Իրանը ապրիլի 13-ին, նախապես զգուշացնելով տարածաշրջանի երկրներին, հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր է արձակել հրեական պետության ուղղությամբ։ Թեհրանն ընդգծել է, որ իրենք հարձակվել են բացառապես ռազմական օբյեկտների վրա։
«Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել են Կրեմլից, «Ռաիսին նշել է, որ Իրանի գործողությունները եղել են հարկադիր և սահմանափակ բնույթի»։ Իրանի նախագահը վստահեցրել է, որ Թեհրանը շահագրգռված չէ «լարվածության հետագա սրմամբ», նշվում է հաղորդագրությունում։
Կողմերը հաստատել են նաև երկրների սկզբունքային մոտեցումները Մերձավոր Արևելքում կրակի անհապաղ դադարեցման օգտին:
Նշվել է նաև, որ Մոսկվան և Թեհրանը մտադիր են ընդլայնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերը և համագործակցությունը այլ ոլորտներում։
«Ռուս-իրանական հարաբերությունների ակտուալ հարցերի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման, այդ թվում՝ փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին
Մանրամասներ
0Comments