Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուկրաինական European Pravda-ի թղթակիցը մանրամասներ է հայտնել հանդիպումից:
Բանակցությունների մեկնարկին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հայտարարել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։
«Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի»,-ասել է Ալիևը:
Հատկանշական է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ վերջին տարիներին ջերմացրել է հարաբերությունները՝ դրանք հասցնելով ռազմավարական դաշնակցային մակարդակի։
Ու այդ համատեքստում, հետաքրքիր է Մոսկվային չարիք ու թշնամի համարող Ուկրաինային սատարումը, այն էլ՝ տարածքային ամբողջականության առումով, հարց, որ դարձել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառ։
Թե ինչպես կարձագանքեն Ալիևի այս աշխարհաքաղաքական խաղերին Կրեմլում, դեռ հայտնի չէ, բայց որ նրա հայտարարությունները Կրեմլի պատերի ներսում քննարկվում են ու մի օր հաստատ կոշտ արձագանք կստանան, կասկածից վեր է։
0Comments