ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից կստանանք խորհրդատվական կարծիք, որը կկարևորենք այս գործում որոշում կայացնելու համար, բայց այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ սահմանադրական դատարանը։
Արմնյուզ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում նման հայտարարություն է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչով էր պայմանավորված Ռ. Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու որոշումը։
«Մենք երբևէ նման պրակտիկա չենք ունեցել, և փառք ու պատիվ, որ չենք ունեցել այս նորմի կիրառման պրակտիկա: Թերևս սրանով է պայմանավորված: Բայց վստահեցնում եմ, որ այն ինձ համար սովորական մի գործ է՝ անկախ հանգամանքից, անկախ քաղաքական և իրավական հետաքրքրությունից, իմ և Սահմանադրական դատարանի մյուս դատավորների համար այն շարքային գործ է»,- ասել է Թովմասյանը:
Ըստ նրա, հաշվի առնելով գործի շուրջ ստեղծված հանրային հետաքրությունը, եթե այլ դեպքերում ՍԴ-ի սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ. «Սրանով է պայմանավորված, որ այն ներուժը, որը կա ՄԻԵԴ-ում և Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ պետք է և օգտագործել»։
ՍԴ նախագահը շեշտել է` ՄԻԵԴ-ում և Վենետիկում չեն որոշում` հոդվածը համապատասխանում է եվրոպական կոնվենցիային, թե ոչ։ Այնտեղ չեն կարող որոշել նաև սահմանադրականության հարց, սակայն նրանց վերլուծությունները, փորձառությունը, դատական պրակտիկայի ամփոփումը, Հրայր Թովմասյանի խոսքով, կօգնեն իրենց այս գործում, սակայն որոշում կայացնողն ամեն դեպքում լինելու է ՀՀ ՍԴ-ն. «Այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը»,- ասել է ՍԴ նախագահը:
Նրա խոսքով` սա նոր ինստիտուտ է նաև մեզ համար, որն ուժի մեջ է մտել ընդամենը անցած տարվա օգոստոսից: Այս պահին Եվրոպական դատարան ուղղված շատ մեծ թվով դիմումներ չկան, դրանք մեկ տասնյակի են հասնում: ՍԴ նախագահը հույս է հայտնել, որ հաշվի առնելով հանգամանքները` խորհրդատվական կարծիքները հնարավորինս շուտ կստացվեն և գործերի վարույթը կվերսկսվի:
Քոչարյանի գործն այսպիսով հետաքրքիր նրբերանգ է ստանում: Մի կողմից Քոչարյանի գործը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից` հասնելով մինչև Վենետիկ և ՄԻԵԴ, մյուս կողմից այն դառնում է լակմուսի թուղթ` Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակի և դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձությունների համար: Ինչ կարող են ասել էքսնախագահի գործի մասին ՄԻԵԴ-ում և Վենետիկում, դժվար է ասել: Հնարավոր է` խորհրդատվական կարծիքը ընդամենն ամփոփվի գնահատական-վերլուծությամբ` հիմնված իրավունքի տեսության կամ միջազգային պրակտիկայի վրա: Մի բան ակնհայտ է` Քոչարյանի գործն այլևս դադարում է լինել ՀՀ ներքին գործը, այն արդեն դարձել է միջազգային շրջանակների տիրույթում գտնվող գործ, և այս փաստից Հայաստանի իշխանությունը ակնհայտորեն սրտնեղած է:
Հայկ Դավթյան, գրում է hayeli.am:
0Comments