Իլ-76-ի կործանման միջազգային հետաքննություն է անհրաժեշտ. Զելենսկի

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինան պնդելու է միջազգային հետաքննություն անցկացնել Բելգորոդի մարզում ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման հանգամանքների վերաբերյալ, տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է dw.com-ը:

Զելենսկիի խոսքով՝ «պետք է պարզել բոլոր հստակ փաստերը՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինայի վերահսկողությունից դուրս»։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ տեղի ունեցածի մասին զեկույցներ է լսել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովից, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիից, Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալայից, Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովից։

«Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի գերիների  կյանքի, հարազատների և մեր հասարակության զգացմունքների հետ»,- ասել է Զելենսկին՝ չնշելով վարկածներ, թե ինչու կարող էր կործանվել ռուսական ինքնաթիռը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ղեկավար Նիկոլայ Օլեշչուկը Telegram-ի իր ալիքում Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինային վարկաբեկելու փորձի համար։

Նրա խոսքով՝ հունվարի 24-ի ընթացքում «ռուսական քարոզչությունը կեղծ տեղեկատվության հոսք է ուղղել դեպի արտաքին լսարան՝ փորձելով վարկաբեկել Ուկրաինան համաշխարհային հանրության աչքում»։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Բելգորոդի մարզում ռուսական Իլ-76 ռազմական օդանավ է կործանվել. դրանում եղել է 65 գերի, որոնց նույն օրը պետք է փոխանակեին:

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել փոխանակման նպատակով ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ. ըստ դրա՝ «Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել»:

«Ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խարկովի մարզի Լիպցի շրջանից՝ զենիթահրթիռային համակարգի կիրառմամբ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոլոկացիոն սարքավորումները դիտարկել են ուկրաինական երկու հրթիռների արձակումը: Օդանավում եղել են անձնակազմի վեց անդամ, փոխանակման նպատակով ուկրաինացի 65 զինծառայող և նրանց ուղեկցող երեք ռուս զինվորական։

Ուկրաինայի ղեկավարությունը շատ լավ գիտեր, որ այսօր ուկրաինացի զինվորականները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվելու էին Բելգորոդի օդանավակայան՝ փոխանակման նպատակով։

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փոխանակումը պետք է տեղի ունենար կեսօրին ռուս-ուկրաինական սահմանի «Կոլոտիլովկա» անցակետում։

Նացիստական Կիևի ռեժիմը գնաց այս քայլին՝ նպատակ ունենալով մեղադրել Ռուսաստանին ուկրաինացի զինվորականների ոչնչացման համար։ Կատարելով այս ահաբեկչությունը՝ Ուկրաինայի ղեկավարությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ անտեսելով իր քաղաքացիների կյանքը», - ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում: