Ստամբուլում 50 օրվա ջրի պաշար է մնացել 

Մանրամասներ
ստամբուլ

Թուրքիայի ամենախիտ բնակեցված քաղաքը՝ Ստամբուլը մատակարարող ջրամբարներում ջրի պաշարների մակարդակը հինգշաբթի նվազել է մինչև 18 տոկոս, այս ծավալը կբավականացնի ևս 50 օր, եթե տեղումներ չլինեն, հայտնում է  РИА Новости-ն։

Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչությունը (İSKİ) հինգշաբթի հայտնել է, որ Ստամբուլում ջրամբարների պարունակության մակարդակը կազմում է 18,07% (156,9 մլն խմ 868 մլն-ից)։ Ապրիլից ի վեր ջրամբարներում պաշարները 48,5%-ից անշեղորեն նվազել են:

Ավելի քան 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքն օրական սպառում է մոտ 3,1 միլիոն խորանարդ մետր ջուր, հայտնում են վարչությունից՝ կոչ անելով քաղաքացիներին խնայել ջուրը։

Եթե ​​հուլիսի վերջին տասը խոշոր ջրամբարների կեսը գործնականում ծանծաղ էր և լցված էր 5%-ից պակաս, ապա այժմ տասից յոթն արդեն դարձել է ծանծաղ, և քաղաքն իրականում մատակարարվում է երեքով, որոնք լցված են առավելագույնը 38%: 

Հինգշաբթի օրը քաղաքի մի շարք շրջաններում թույլ անձրեւ է, սակայն, ըստ կանխատեսումների, ուրբաթ օրվանից Ստամբուլում առաջիկա տասն օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կլինի 19-ից 25 աստիճան Ցելսիուս։

Օդերեւութաբանության գլխավոր վարչության տվյալներով՝ ավելի քան 72 տարվա ընթացքում Ստամբուլում հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը եղել է 13,6 աստիճան, և եղել են գրեթե տասը անձրևոտ օր. այս ցուցանիշները զգալիորեն տարբերվել են անցյալ տարվա հոկտեմբերին:

Օգոստոսն ամենաչորն է եղել Թուրքիայում վերջին 33 տարվա ընթացքում, ավելի վաղ հայտնել էր Օդերեւութաբանության գլխավոր վարչությունը։ Թուրքիայի մի զգալի հատվածը (բացառությամբ երկրի արևելյան և արևմուտքում գտնվող մի շարք շրջանների) երաշտի պատճառով օդերեւութաբանների կողմից ընդգրկված է արտակարգ գոտում։

Սեպտեմբերի սկզբից Ստամբուլի իշխանությունները դադարեցրել են ջրի մատակարարումը քաղաքի այգիների և մասնավոր զբոսայգիների ոռոգման համար՝ շարունակվող երաշտի պատճառով:

Ստամբուլի Այդինի համալսարանի պրոֆեսոր Գյուվեն Օզդեմիրն ավելի վաղ РИА Новости-ին ասել էր, որ այս պահին պետական ​​կառույցները դիտարկում են Ստամբուլին ջրով ապահովելու բոլոր հնարավոր այլընտրանքները, սակայն քաղաքացիներից պահանջվում է նաև խնայել ջուրը՝ երկարատև երաշտի պայմաններում, չի կարելի հրաժարվել նաև օգտագործված ջրի վերամշակումից։