Կլիմտի վերջին կտավը դարձել է երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը

Մանրամասներ

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի՝ մահից առաջ նկարած վերջին կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,4 միլիոն դոլար), հայտնում է Daily Mail-ը:

Աճուրդի կազմակերպիչները նշել են, որ «Հովհարով կինը» կտավը, որը ստեղծվել է 1917-ին, դարձել է երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը:

Կտավը վաճառվել է Sotheby's-ի կողմից՝ 10 րոպե տևած «գնային մարտից» հետո: Վաճառքի գինը գերազանցել է 65 միլիոն ֆունտ ստեռլինգ (80 միլիոն դոլար) նախավաճառքի գնահատականը:

Պարբերականը մանրամասնում է, որ սա 1918-ին մահից առաջ Կլիմտի վերջին կտավն էր, որում պատկերված է անհայտ կին՝ վիշապների և լոտոսի ծաղիկների ֆոնին:

Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործի նախորդ ռեկորդը սահմանել էր Ալբերտո Ջակոմետիի «Քայլող մարդը I» բրոնզե արձանը, որը 2010 թվականին վաճառվել էր 104,3 միլիոն դոլարով:

ա