Փաշինյանի կողմից Հայաստանի պետական ինքնիշխանությունից, հայկական իրավունքներից հրաժարվելու մասին պաշտոնապես ազդարարելուց հետո Հայաստանի դեմ ծրագրերը մտնում են ավարտական փուլ։ Մնացել է լուծել մի խնդիր՝ «ժողովրդի տված մանդատին» պետք է ավելանա «քաղաքական դաշտի կոնսենսուսը»
Խորհրդարանում Փաշինյանի երեկվա ելույթը դրա մասին էր։ Փաշինյանը նշեց, որ դեռ 2021-ի հունվարին է ընդունել «ռուսական առաջարկները», որոնք վերաբերում են մասնավորապես Արցախի կարգավիճակի հետաձգմանը եւ այլ՝ ռուսահպատակ ուժերի կողմից «հայանպաստ» որակված խնդիրներին։ Արժե քիչ ինչ մանրամասն անդրադառնալ իրադարձությունների ժամանակագրությանը։ Մինչ այդ առաջարկները, արդեն ընդունվել էր երեք եռակողմ հայտարարություն հրադադարի ու տարածքները հանձնելու, հաղորդակցությունների ու սահմանազատման վերաբերյալ։ Ավելորդ է ասել, որ դրանք Մոսկվա-Բաքու համաձայնություններ էին, Փաշինյանն ընդամենը ստորագրող կողմ էր։ Իսկ ահա չորրորդ՝ «հայանպաստ» թուղթը, ստացվում է, 2021-ի հունվարից չի ստորագրվում։ Այս տարվա հոկտեմբերին Սոչիի կլոունադան դրա համար էր սարքվել՝ «Պուտինը ուզում էր, բայց չկարողացավ»։ Սոչիում հենց ազդարարվեց ավարտական փուլի մեկնարկը։
Փաշինյանը երեկվա ելույթում ասաց, թե «կառավարությունը շատ վաղուց, դեռևս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով։ Եվ ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ պարզաբանելու այդ հնարավորությունը մեզ համար ընձեռեց»։ Այսինքն, Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են չխոսել «հայանպաստ առաջարկների» մասին, կոռեկտությունից ելնելով։ Այսինքն, հայկական շահերի մասին խոսելը կոռեկտ չէ։ Ով կզարմանար։
Ինչ եղավ ռուսական այդ «հայանպաստ առաջարկներից»՝ 2021-ի հունվարից հետո․ Բաքվի մի քանի ներխուժումներ՝ հայկական տարածքների օկուպացմամբ, միջազգային մանդատի չեզոքացում, Փաշինյանի կողմից հայկական խնդիրների իրավական քննարկումների հնարավորության չեզոքացում, հրաժարում Անկախության հռչակագրից՝ Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության եւ Կարսի 1921 թ․ պայմանագրի դրույթների՝ Հայաստանի դեմ ընդլայնված կիրառման ճանաչմամբ։ Ներքին ասպարեզում՝ իշխանություն-ընդդիմություն նողկալի բալագանով ու հանրությանը հուսալքելու ու զիջումներին համակերպելու քարոզչությամբ։
Ահա սա է ռուսական, ավելի ճիշտ՝ ռուս-թուրքական ծրագիրը։ «Հայանպաստ առաջարկները» եւ Պուտինի՝ Վալդայի ու Սոչիի չքմեղանքը եթե նույնիսկ թղթի վրա կան, դրանք ստորագրելու համար չեն, այլ ռուս-թուրքական ծրագրերի անխափան իրագործումն ապահովելու համար։ Այն, որ դա կախարդական ազդեցություն է թողել հայերի լայն շերտերի վրա՝ անկասկած է՝ «ինչ լինում է լինի, կարեւորը՝ իմացանք, որ Պուտինն ուզում էր լավ բան անել, բայց չկարողացավ»։ Թշնամին լուրջ է մոտենում նման հարցերին, զուր չէ, որ Հայաստանում զլմ-ների, քարոզչության ու ագենտուրայի վրա ծախսվել ու ծախսվում են միլիարդներ։
Պուտինի չքմեղանքն ու Փաշինյանի «խոստովանությունը» միտված են «ժողովրդի մանդատին» ավելացնել նաեւ ներքաղաքական կոնսենսուսն ավարտական փուլի, այն է՝ խորհրդարանում ռուս-թուրքական ծրագրերի վավերացմանը։ Փաշինյանն իր երեկվա ելույթում արձանագրեց, որ ռուսական առաջարկների հարցում «Հայաստանի քաղաքական դաշտում համարյա կոնսենսուսային վիճակ է։ Այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում է ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել։ Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է և համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»։
Պատահական չէ, որ Սոչիից ու դրան հետեւած Փաշինյանի՝ հայկական իրավունքներից հրաժարվելու պաշտոնական հայտարարություններից հետո «ընդդիմությունը» դադարեցրեց բոյկոտը եւ վերադարձավ խորհրդարան։ Բոյկոտի դեպքում վավերացվելիք թղթերը չէին ունենա անհրաժեշտ լեգիտիմություն․ ընդդիմությունը կարող է դեմ քվեարկել, կամ չքվեարկել, բայց պետք է ներկա լինի խորհրդարանում։ Կոպիրկինյան քվոտաներով կազմավորված խորհրդարանի դերը դա է՝ վավերացնել «խաղաղ դարաշրջանը» քաղաքական ու հանրային կոնսենսուսով։
0Comments