Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ. Հայկ Կոնջորյան

Մարդը սովորում է միշտ ու ամենուր

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ՝ իր կողմից հնչեցրած այն հայտարարությանը, որով Իրանն անվանել էր ավտորիտար պետություն:

«Սա բացարձակապես չի բնորոշում իմ վերաբերմունքն այդ պետության, այդ ժողովրդի նկատմամբ։ Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ, որը միանշանակ այլևս չի կրկնվի: Դա իմ մասնավոր ձևակերպումն էր և բացարձակապես կապ չուներ մեծամասնության կարծիքի հետ։»,- ասաց նա։

Կոնջորյանը չի կարծում, թե իր վրիպակը կարող է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ Ըստ նրա՝ կազդեր այն ժամանակ, եթե ինքը ներկայացներ խմբակցության տեսակետը, իսկ ինքն էլ չտար պարզաբանում, որ սա վրիպակ է։ Նա չի հերքում՝ Իրանի մասով պետք է այլ ձևակերպում տար, սակայն վստահեցնում է, որ այս արտահայտությամբ չի բնորոշվում իր վերաբերմունքն Իրանի նկատմամբ։ Պատգամավորը վստահեցրեց, որ Իրանին համարում է հայ ժողովրդի բարեկամ պետություն։

«Երբ ասացի բնույթի բառը, ցանկանում էի նշել, որ հավասարության նշան չեմ դնում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Օրինակ՝ կարող էի ասել, որ Իրանն աշխարհի ստանդարտ ժողովրդավարությունից տարբերվող քաղաքական համակարգ ունի և այլն»,- ընդգծեց Կոնջորյանը։

Հարցին՝ այն կարծիքին չէ, որ սովորել պետք է ԱԺ պատերից դուրս, այլ ոչ թե ներսում, պատգամավորը պատասխանեց, թե մարդը սովորում է միշտ ու ամենուր։