ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները:
«Ակնհայտ է, որ ազգային կառույցները համարվում են անընդունելի և ուղղակի կամ անուղղակի միջոցներով, հակառակ հրապարակավ հնչեցրած հավաստիացումների, դառնում են թիրախ, որոնց շուրջ փորձում են բացասական մթնոլորտ ստեղծել, վարկաբեկել կամ պառակտել։ Այդ թիրախների շարքում են հայկական բանակը, հայկական ազգային եկեղեցին, հայկական ազգային կուսակցությունները, կազմակերպված Սփյուռքը, ազգային արժեհամակարգը»,-ասաց նա:
Մարգարյանը նշեց, որ անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից:
«Այս պայմաններում մեզ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել ներքին վտանգներին դիմակայելու համար: Լինելով կառավարությունից և խորհրդարանից դուրս՝ շարունակել լինել ժողովրդի կողքին՝ անընդհատ և ամենուրեք, և ժողովրդի հետ միասին չթողնել, որ մինչեւ հաջորդ ընտրություններ կառավարությունը եւ խորհրդարանը ճակատագրական սխալներ անեն, իսկ հաջորդ ընտրություններին արդեն տուն ուղարկել այս իշխանություններին եւ ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը: Մինչեւ հաջորդ ընտրություններ Հայաստանը պետք է ապրի, ուրեմն՝ Մեր երկրի անվտանգության ապահովման եւ Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հետ որեւէ այլընտրանք չունի: Օրվա մարտահրավերները խորապես գիտակցելուց հետո անհրաժեշտ է վերադիրքավորվել արդյունավետ պայքարի համար»,-հավելեց նա:
0Comments