Նոր կառավարությունից սպասելիքներն անչափ մեծ են. հեղափոխությամբ իշխանության եկած ուժը, որը դեկտեմբերին ընտրողներից աննախադեպ բարձր վստահության քվե ստացավ, պարզապես չհաջողելու տարբերակ չունի: Մեծ են ակնկալիքները՝ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման հարցում, իշխանությունը սպասումներ է ձևավորել, նաև թույլ է տվել քաղաքացուն եզրակացնել, որ ինքն է որոշումների հեղինակը երկրում. ինքն այլևս հպարտ քաղաքացի է ու կարող է փողոց փակել, պահանջներ ներկայացնել:
Այս ամենը ձևավորել է ինքնաբուխ կամ ոչ այնքան մի երևույթ, որի անընդունելիության մասին այսօր խոսել է անգամ հեղափոխության առաջնորդ Նիկոլ փաշինյանը. «...Չեք փակելու, որովհետեւ դուք դրա լիազորությունը չունեք, ժողովուրդն իր իշխանությանը ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը»:
Սա փաստում է, որ քաղաքացու հետ երկխոսելու ավելի գործուն տարբերակներ են պետք, պետք է հաշվետու լինել յուրաքանչյուրին ու կարողանալ հիմնավորումները հստակ ձևակերպել: Այս իշխանությունը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ անտեսել հանրային տրամադրություներն ու դժգոհությունները, քանի որ հենց ինքն է իրավիճակը փոխել երկրում: Սա մի կողմից լավ է, իհարկե, հույս կա որ վերջապես իշխանություն-քաղաքացի սղված կապը կսկսի արդյունավետ գործել, մյուս կողմից էլ ոչ պոպուլյար քայլերի համար իշխանության աշխատանքում օբյեկտիվ բարդություններ է առաջացնում:
Ռեստորանների հայկական միությունն, օրինակ, օրերս ահազանգել է սննդի ոլորտի նոր հարկման համակարգի դեմ, անգամ ի նշան բողոքի՝ մեկ օրով 100-ից ավելի ռեստորաններ փակել են դռներն ու չեն սպասարկել հաճախորդներին: Նրանք պնդում են, որ գների թանկացումը ժամանցի վայրերում անխուսափելի է դառնալու: Վարչապետը ռեստորանատերերի հետ հանդիպման ժամանակ լսել է հանրային սննդի հարկման շուրջ դժգոհությունները, մասնավորապես որ հարկերը բարդացնում են ռեստորանների աշխատանքը ու դժվարացնում նոր ներդրումները: Առաջարկ է հնչել՝ վերանայել տոկոսներն ու սառեցնել դրանք: Քննարկման արդյունքներով որոշում չի ընդունվել, քանի որ վարչապետը նաև լրացուցիչ հարկերը բյուջե ուղղելու ու բազմաթիվ ծախսեր ֆինանսավորելու խնդիրներ է լուծում:
Սա միակ դեպքը չէ. «բողոքում են» արտահայտությամբ սկսվող մեծ ու փոքր ակցիաները լայն տարածում են գտնում ողջ եկրով մեկ. լինի հեռավոր գյուղերում, թե մայրաքաղաքում, լինի կադրային, տնտեսական, հարկման, թե ցանկացած այլ առիթներով: Իսկ դրսևորումները հազվադեպ են պասիվ բնույթ կրում, առավելապես արմատական ակցիաների նախաձեռնությանն ենք ականջալուր լինում՝ ճամփա փակելուց սկսած:
Չկանոնակարգելու, հանրության հետ նպատակային չաշխատելու դեպքում այս լոկալ դրսևորումները կարող են խնդրահարույց բնույթ ստանալ հենց ժողովրդի ընտրյալ իշխանության համար: Դե իսկ ճիշտ աշխատելը սկսվում է հստակ ռազմավարությունից, որակյալ կադրային քաղաքականությունից ու ընտրողի հետ ամուր երկխոսությունից: Առայժմ այս ուղղություններով միայն տարերային քայլերի ականատեսն ենք դառնում, ինչը մեծ լավատեսություն չի ներշնչում: Եթե խնդիրներին արագ ու որակյալ լուծումներ չտրվեն, տնտեսական կյանքում շարունակվելու են պասիվացման պրոցեսները: Թերևս պատահական չէ, որ աստիճանաբար մարում են նաև միջազգային կազմակերպությունների լավատեսական սպասումները, որոնք ձևավորվել էին իշխանափոխությունից անմիջապես հետո։ Հայաստանի տնտեսության նկատմամբ արտաքին ու ներքին հետաքրքրությունների աճի ակնկալիքները պարզվեց՝ խիստ չափազանցված էին։ Խոսքն առաջին հերթին ներդրումների մասին է։ Արդյունքում Համաշխարհային բանկի փորձագետների կանխատեսումները Հայաստանի առաջիկա տնտեսական զարգացումների վերաբերյալ գնալով պակաս հուսադրող են դառնում։ Նման պարագայում հուսալ լուրջ տնտեսական զարգացումների, սոցիալական իրավիճակի բարելավման մասին, ավելի ու ավելի դժվար է դառնում, քանի որ կառավարությունը ևս, կարծես թե, դժվարանում է լուրջ հիմքեր ստեղծել տնտեսական գործընթացներն ակտիվացնելու համար։
Ինչևէ, սրանք դեռևս կանխատեսումներ են, ժամանակը ցույց կտա, թե գնահատականները որքանով են հիմնավոր։
Իսկ տնտեսության պասիվացումը կանխվում է նաև նպատակային հարկային քաղաքականությամբ, որը չի սպառնում աշխատատեղերի ստեղծմանն ու գների աճին: Մի խոսքով՝ կառավարման հեռանկարային տեսլականի վրա հիմնված գործունեության շարունակական անտեսումը վատ է անդրադառնալու քաղաքացու կենսամակարդակի վրա: Արդյունքում, բողոքի ակցիաների արանքում, մեր քաղաքացին ստիպված է լինելու համեստ հանգիստը կազմակերպելու համար վրացիների առաջարկներից օգտվել՝ զարգացնելով հարևան Վրաստանի զբոսաշրջությունն ու տնտեսությունը: Այսինքն՝ հետևելու է մյուս հարևանի՝ իրանցիների օրինակին, ովքեր, շրջանցելով թանկ Հայաստանը, նույնպես նախընտրությունը Վրաստանին են տալիս:
Գուցե միմյանցից դժգոհելու ու արդարանալու փոխարեն մեկտեղվե՞նք ու իրապես նոր Հայաստա՞ն կառուցենք, թե՞ մեզ՝ հայերիս համար դա, իրոք, անհնարին է:
0Comments