Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցները մի քանի օր է, ինչ դժկամությամբ եւ բողոքներով են աշխատանքի գնում: Աշխատակցուհիների խոսքերով, նրանց համբերության բաժակը լցվել է. պայմանագրով նախատեսված ամսական 55 հազար դրամ աշխատավարձն այլևս երազանք է: «Հա՛մ աշխատավարձը կուշացնեն, հա՛մ էլ քիչ կուդան, յանի 55 հազարը շատ մեծ գումար էր, շատն էլ ճարահատյալ համակերպվել էինք, էլ դրա երեսն էլ չենք տեսնի, կիսատ-պռատ կուդան, պահումներ կենեն»,- վրդովված ասաց աշխատակցուհիներից մեկը:
Պարզվում է՝ տնօրինությունն այսկերպ է պատժում աշխատողներին: Պատճառաբանում են,որ տևական ժամանակ է՝ աշխատողներն անորակ արտադրանք են տալիս: Բանն այն է, որ բանվորական համազգեստ արտադրող «Սասստեքս»-ի արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանվում է եվրոպական շուկա: Տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե արտադրանքը եվրոպական չափանիշներին չի համապատասխանում, ուստի արտահանված ապրանքը շուկա չի հանվել, արտադրամասը մի քանի ամիս է՝ շահույթ չի ստանում: Մինչդեռ աշխատողները հակառակն են պնդում, թե ինչպես եղավ, որ այդ մասին ամիսներ անց են տեղեկանում: Ի դեպ, խնդրին տեղյակ է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով ֆեյսբուքյան քննարկումներից մեկում գրել է. «Պետք է ուսումնասիրել: Առկա են նաև աշխատակցի շահերը գործատուի կողմից ոտնահարելու առերևույթ փաստեր, որոնք մեր գործառույթների տիրույթում չեն: Այնուամենայնիվ, մեր մասով էլ անելիքներ կան... Հանձնարարությունը տրված է»:
Անդրադառնալով «Սասստեքս»-ի գործունեությանը՝ հիշեցնենք, որ այն բացվել է շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի ներդրումներով: Նա նախորդ իշխանությունների հետ համաձայնագիր ձեռք բերեց, որ Գյումրիում կարի արտադրամաս է հիմնելու՝ սկզբում 300 աշխատատեղով:
Այնուհետ, եւս մեկ տարի անց այն դարձնել 500, ապա մինչեւ 1000 աշխատատեղ բացել: Սրմաքեշի նպատակների իրականացման համար ՀՀ կառավարությունը նրան տվեց նախկին մարզային հիվանդանոցի հսկա շենքը՝ հարակից տարածքներով: Իսկ, ահա, արտադրամասի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որը 2018թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրի էր այցելել:
«Այս գործընթացը 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին: Մարդիկ անում են իրենց քայլը և պահանջատեր են կառավարությունից, որ առավել նպաստավոր պայմաններ ստեղծվեն ներդրումների համար: Համոզված եմ, որ նմանատիպ ներդրումային ծրագրերը նպաստելու են մեր երկրի տնտեսական զարգացմանը և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհին անչափ կարևոր քայլեր են: Հայաստանում գործարար մարդու կարգավիճակը պետք է լրջագույն փոփոխության ենթարկվի և լինի առանձնահատուկ: Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Հարստացեք և հարստացրեք»,- ասել էր Փաշինյանը և շնորհակալություն հայտնել բոլոր այն ներդրողներին, ովքեր Հայաստանի անկախության 27 տարիների ընթացքում քարը քարին են դրել և ստեղծել նոր աշխատատեղեր:
Նկատենք,որ արտադրամասի բացումից 6 ամիս է անցել, սակայն աշխատակիցների թիվը 150-ը չի գերազանցել: «Վարչապետը թող հիմա գա ու տեսնի, թե որքանով է իրավիճակը համապատասխանում իր պատկերացրած տնտեսական հեղափոխությանը»,- ասում են քաղաքը լքել պատրաստվող հիասթափված գյումրեցիները:
0Comments