Մելանյա Թրամփը Կոնգրեսում նստել է Թրամփ ազգանունով 11-ամյա տղայի կողքին

Ազգանվան պատճառով երեխան ընկերների կողմից ծաղրի էր ենթարկվում

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն այցելել է Կոնգրես, որտեղ ամուսինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկ ժամից ավելի հանդես է եկել Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ի տարբերություն Դեմոկրատական կուսակցության անդամների, որոնք պայմանավորվել են ամբողջովին ճերմակազգեստ գալ միջոցառմանը, տիկին Թրամփը կրել է Burberry բրենդի մուգ սև վերարկու՝ 2390 դոլար արժողությամբ:
Հատկանշական է, որ Կոնգրեսում տիկին Թրամփի կողքին նստել է երկու երեխա: Նրանցից մեկը 11-ամյա Ջոշուա Թրամփն էր, որին դասընկերները ծաղրում են Թրամփ ազգանունն ունենալու համար:
Անդադար ծաղրի ու ստորացումների պատճառով տղայի ծնողները փորձել են նրա ուսուցումը տանը կազմակերպել, հետո փոխել են դպրոցը, սակայն դա արդյունք չի տվել: Այժմ ծնողները մտածում են տղայի ազգանունը փոխելու մասին:
Մյուս երեխան եղել է քաղցկեղով հիվանդ 10-ամյա Գրեյս Էլինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մելանյա Թրամփն առաջին տիկին դառնալուց հետո մասշտաբային արշավ է սկսել՝ դրա շրջանակում տարբեր միջոցներով պայքարելով երեխաների ու դեռահասների ֆիզիկական կամ հոգեբանական բռնության (ծաղրանք, նվաստացում) դեմ: