Իրանական անօդաչուները Ռուսաստանին չեն օգնի հաղթել. Զելենսկի

Մանրամասներ

1

Իրանական «Շահիդ» անօդաչու թռչող սարքերը կամ ցանկացած այլ զենք չի օգնի Ռուսաստանին հաղթել պատերազմում։ Այս մասին, ինչպես գրում է РБК Украина-ն, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա հիշեցրել է նախօրեին իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով ռուսական ուժերի գիշերային հարձակումը Բելայա Ցերկով քաղաքի վրա։

«Նույնիսկ եթե աշխարհի մեկ այլ վայրում գտնեք ձեր ռուսական աշխարհի նույն բնական անունով ինչ-որ այլ զենք, ինչպես իրանական այս «շահիդները», որոնցով փորձում եք ռմբակոծել մեր քաղաքները, ինչպես օրինակ Բելայա Ցերկովը, ապա միևնույն է դա ձեզ չի օգնի»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տվյալներն այն մասին, որ Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարում՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Իրանը ոչ հավաստի է համարում Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործման համար ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին տեղեկատվությունը և հավանություն չի տալիս նման հայտարարություններին։ Հակամարտության հենց սկզբից Իրանը հանդես է գալիս երկու երկրների միջև քաղաքական ճանապարհով տարաձայնությունների կարգավորմանը»,- ասել էր Քանանին: