Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել, Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ

Մանրամասներ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7:1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։

Մինչ այդ Ամոյանը երկու սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որտեղ նախ 5:2 հաշվով հաղթել է շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, ապա 2:2 հաշվով առավելության հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար Ամոյանը պետք է երեք սփոփիչ գոտեմարտ անցկացներ, սակայն նրա առաջին մրցակից, վրացի Լուրի Լոմաձեն հրաժարվել էր պայքարից:

Օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգում, Ամոյանն ավելի վաղ նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն էր նվաճել: Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում մրցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել։

Դրանից առաջ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Մեթեհան Բասարին, իսկ քառորդ եզրափակչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ: Մեդալ նվաճելու հնարավորությունները պահպանում է նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։

Նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչից լքել է պայքարը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվել է հենց մեկնարկում, իսկ 82 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում տարած հաղթանակից հետո 1/8 եզրափակչում պարտություն է կրել և դուրս մնացել պայքարից։

Սեպտեմբերի 12-ին աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 60 և 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներ Գևորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասափյանը կմեկնարկեն 1/16 եզրափակիչներից:

Գևորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչև 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Պրիդոն Աբուլաձեն, իսկ Դավիթ Օվասափյանը կգոտեմարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցի հետ:

Գևորգ Ղարիբյանը 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Դավիթ Օվասափյանը՝ մինչև 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն: Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչների նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից: