Եվրոպական և ԱՄՆ պատժամիջոցներն աղետալի ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա։ Այս մասին է վկայում Յեյլի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Զոնենֆելդի եւ մասնագետների խմբի հետազոտությունը՝ հիմնված ռուսական վիճակագրության, Ռուսաստանի առևտրային գործընկերների տվյալների, տրանսպորտային տվյալների և այլ աղբյուրների ուսումնասիրության վրա, հաղորդում է Ամերիկայի ձայնը։
Հետազոտողները եզրակացրել են, որ Կրեմլի փողերը սպառվում են, Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը էներգետիկ շուկայում, ներմուծման փոխարինումը չի գործում, իսկ գործարարներն ու հարուստ ռուսները լքում են երկիրը։
Փետրվարից ի վեր ավելի քան 1000 ընկերություններ դուրս են եկել կամ հայտարարել Ռուսաստանից հեռանալու մասին: Սա վտանգի տակ է դնում Ռուսաստանի տնտեսության 40%-ը։ Այս ընկերությունների ներդրումները կազմել են ավելի քան 600 միլիարդ դոլար, իսկ նրանց ստեղծած աշխատատեղերի թիվը գերազանցում է 5 միլիոնը, նշել են տնտեսագետները։
Հետազոտողները նշել են, որ Ռուսաստանի հետ էներգառեսուրսների առևտուրը նրա համար շատ ավելի կարևոր է, քան աշխարհի համար։ Ռուսաստանի բյուջեի եկամուտների գրեթե 60%-ը կախված է էներգառեսուրսների վաճառքից։ Ռուսական գազի մատակարարումները Եվրոպա վերջին հինգ ամսում ընկել են ռեկորդային նվազագույնի, իսկ դեպի արևելք մատակարարումների ավելացման հնարավորությունը սահմանափակ է ենթակառուցվածքների բացակայության պատճառով։
Ռուսաստանն արագորեն կորցնում է արտարժութային պահուստները։ Երկրի 600 մլրդ դոլար ոսկեարժութային պահուստներից գրեթե 300 մլրդ դոլար արգելափակված է արտասահմանում։ Լայնածավալ ագրեսիայից հետո պահուստները նվազել են 75 միլիարդ դոլարով: Հետազոտողները մատնանշել են ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հայտարարությունը, ով առաջարկել է ծախսել Ռուսաստանի պահուստային ֆոնդի, Ազգային բարեկեցության հիմնադրամի մեկ երրորդը բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:
Ներմուծման փոխարինումը չի գործում, ասում են վերլուծաբանները՝ մատնանշելով, որ Ռուսաստանը ստիպված է եղել զգալիորեն կրճատել ավտոմեքենաների արտադրությունը և չեղարկել անվտանգության մի շարք պահանջներ։ Ռուսաստանը կորցնում է պահեստամասերի և բարձր տեխնոլոգիական ապրանքների հասանելիությունը, ինչը սահմանափակում է ինքնաթիռների և սարքավորումների վերանորոգման և պահպանման, տանկերի և այլ ապրանքների արտադրությունը:
Կտրուկ՝ ավելի քան 20%-ով, ագրեսիայի սկզբից ի վեր, մանրածախ առևտուրն ու սպառումը նվազել են 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ընդգծել են գիտնականները՝ վկայակոչելով Sberbank-ի տվյալները և Yahoo-ի ինտերնետ-վաճառքը։
Ցուցանիշներից մեկը, որ ռուսներն իրենց միջոցները հանում են երկրից, ըստ վերլուծաբանների, Մերձավոր Արևելքում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճն էր։ Դուբայում անշարժ գույքի գործակալները հայտնել են, որ ռուսներին վաճառելուց իրենց հասույթը կրկնապատկվել է, իսկ ոմանց մոտ նույնիսկ եռապատկվել են:
Յեյլի հետազոտողները նաև քննադատել են իրենց գործընկերներին՝ ռուսական տվյալների հիման վրա Ռուսաստանի նկատմամբ չափազանց լավատես լինելու համար։ Ի վերջո, ասվում է հետազոտության մեջ, վիճակագրական տվյալները, որոնք պարբերաբար հրապարակում է Ռուսաստանի Դաշնությունը, գնալով ավելի հատվածական, թերի են դառնում և մեծ մասամբ ներառում են միայն դրական տվյալներ։
Այս շաբաթ ԱՄՀ-ն ներկայացրել է տվյալներ Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ, որտեղ վերջինիս ներկայիս անկման գնահատականները կրճատել է մինչև 6%։ Զոնենֆելդը քննադատել է հիմնադրամին ռուսական պաշտոնական տվյալների օգտագործման համար և նշել, որ ԱՄՀ-ն «ռուսական քարոզչություն է հեռարձակում»։
0Comments