Որպեսզի սպառողը հասկանա, թե ինչ զեղչ է, խանութը պետք է նշի սկզբնական գինը. Առևտրի կետերին կարգելեն հավերժական զեղչեր հայտարարել

Մանրամասներ
ա

Հայաստանում մանրածախ առեւտրի կետերին կարգելեն հավերժական զեղչեր հայտարարել: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր, ներկայացնելով հուլիսի 31-ից ուժի մեջ մտած փոփոխություններն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, հայտարարել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

Մարկոսյանը նշել է, որ հանձնաժողովը բազմիցս խնդիրներ է ֆիքսել զեղչերի եւ ակցիաների իրականացման գործընթացում։ Մասնավորապես, դրանք վերաբերում էին այն դեպքերին, երբ ապրանքների զեղչված արժեքը սկզբնական գնից բարձր էր։ Այդպես, զեղչերի մասին թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն է տրամադրվել, իրական գնային փոփոխություններ եւ հայտարարված զեղչերով շահավետ առաջարկներ չեն եղել։ Բացի այդ, պարզվել է, որ դրանց վավերականության ժամկետները չափազանց երկար են։ Ծագած խնդիրները կարգավորելու համար, պաշտոնյայի խոսքով, Հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել:

Նա պարզաբանել է, որ, նոր փոփոխությունների համաձայն, «ակցիա» կնշանակի որոշակի միջոցառում վաճառքով զբաղվող կամ ծառայություններ մատուցող անձանց կողմից։ Նրանց նպատակն է կա՛մ ավելացնել մատուցվող ծառայությունների ծավալը, կա՛մ ապրանք իրացնել, կա՛մ էլ նպաստել դրանց հետագա առաջխաղացմանը։ «Այսօր պարզապես անհնար է դառնում հասկանալ, թե որտեղ է ավարտվում զեղչը եւ սկսվում սովորական գինը։ Այդ իսկ պատճառով հնարավոր կլինի զեղչ հայտարարել երեք ամսից ոչ ավել, իսկ նորը նույն ապրանքի համար՝ մեկ ամսից ոչ շուտ»,- պարզաբանել է պաշտոնյան։

Մարկոսյանը շտապել է վստահեցնել, որ զեղչերը ոչ ոք չի արգելելու. պարզապես սպառողին այլեւս մոլորության մեջ չեն գցի։ Օրինակ, եթե երկու խանութներում նույն գնով ապրանք են վաճառում, բայց դրանցից մեկի դռան վրա գրված է «20 տոկոս զեղչ», դա որպես անբարեխիղճ մրցակցություն կդիտվի: «Որպեսզի սպառողը հասկանա, թե ինչ զեղչ է, խանութը պետք է նշի սկզբնական գինը, այն էլ՝ ամբողջ նախորդ ամսվա ընթացքում»,- հավելել է կարգավորող մարմնի անդամը։

Բացի այդ, մանրածախ առեւտրի կետերը պետք է նշեն, թե որ ապրանքների վրա է կիրառվում զեղչը եւ ինչ պայմաններում: Էլեկտրոնիկայի խանութում, ի դեպ, հնարավոր չի լինի կախել «50% զեղչ» գովազդը, որից հետո հետեւյալ ոգով բացատրություններ կհետեւեն՝ այդ 50 տոկոսը վերաբերում է միայն ականջակալներին եւ միասյն՝ երրորդ զույգից սկսած։ Այդ դեպքում առաջին երկու ականջակալները պետք է ձեռք բերել սովորական գնով։ Անարդար ոչ գնային բոնուսներ եւս չեն թույլատրվի։ Օրինակ՝ խանութը 10 տոկոսով թանկացրել է նոութբուքերի գինը եւ որպես նվեր ականջակալներ է առաջարկում։ Իրականում պարզվում է, որ խանութը ոչ թե տալիս, այլ վաճառում է այն։ «Այդպիսի անբարեխիղճ մրցակցության համար խախտողները պետք է պատասխան տան։ Դրա համար ընկերության նախորդ տարվա շրջանառության մինչեւ 5 տոկոսի չափով տուգանք է նախատեսված»,- ասաց պաշտոնյան։
Պահանջներ կսահմանվեն նաեւ գովազդի եւ հայտարարությունների տեքստերի նկատմամբ, մասնավորապես, տառատեսակները չափերով չեն տարբերվի ավելի քան երկու անգամ։ Այսինքն՝ մեծ տառերով հնարավոր չի լինի գրել «50 տոկոս զեղչ», իսկ մանր տառերով կողքին նշել վերապահումներն ու սահմանափակումները:

Կարգավորումներ կկիրառվեն նաեւ ակցիաների մասին ծանուցումների վրա: Ակցիաները գովազդել կարելի է լրատվամիջոցների, գովազդային վահանակների եւ տեղեկատվության տարածման այլ միջոցների միջոցով: Այնուամենայնիվ, գովազդներից մեկը, առնվազն, պետք է 4 պարտադիր կետ ներառի.

ի՞նչ ակցիաների մասին է խոսքը,

ակցիայի ժամկետը,

ապրանքների կամ ծառայությունների ցանկը, որոնց վրա ակցիան տարածվում է, 

ակցիայի պայմանները (եթե այդպիսիք կան):

«Եթե ակցիայի մեջ ընդգրկված ապրանքների եւ ծառայությունների ցանկի մասին չի հաղորդվում, ապա նոր օրենքով բոլոր ապրանքները զեղչերի ենթակա կլինեն»,- նշել է Տիգրան Մարկոսյանը։

Այդ բոլոր պահանջների պահպանման ապահովումը, ըստ ՄՊԿ ներկայացուցչի, հեշտ չի լինի։ Սակայն, ըստ նրա, Հանձնաժողովը համապատասխան վերահսկողական գործիքներ ունի: ՄՊՀ-ի ներկայացուցիչն առայժմ դրանք չներկայացրեց։ Ավելին, սպառողներն իրենք կկարողանան հայտնել նկատված եւ հայտնաբերված խախտումների մասին։