Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ 44-օրյա պատերազմից հետո, որի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերը եւ ջիհադիստ վարձկանները ձեւավորեցին մարտադաշտը հօգուտ Ադրբեջանի, ավելի քան 4000 հայ սպանվեց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շրջանցելով Արեւմուտքը, նոյեմբերի 9-ին միջնորդությամբ պայմանավորվեց հրադադար հաստատման մասին, որը պահանջում էր նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, գրում է The National Interest-ը։
«Մինչ Հայաստանը, զինադադարի պայմաններին համապատասխան, դուրս էր բերում իր զորքերը, Ադրբեջանը շարունակում էր իր սադրիչ եւ ագրեսիվ գործողությունները։ 2020 թվականի մայիսի 21-ին ադրբեջանցիները գրավեցին Հայաստանի 41 ք/կմ տարածք։ Այս վերջին գործողությունների հետեւանքով 40 000 տեղահանված հայեր ներկայումս անօթեւան են։
Բացի Ադրբեջանի շարունակվող անդրսահմանային ագրեսիայից, իրավիճակը խորանում է նրանով, որ նա չի վերադարձնում ռազմագերիներին։ Հրադադարի պայմաններից դուրս Ադրբեջանն ու Թուրքիան այժմ հրապարակայնորեն պահանջում են Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան կապող ինքնիշխան միջանցք, որը մահվան ահազանգ կլինի անկախ Հայաստանի համար: Դա նաեւ կոչնչացնի Արցախի մնացած հայերին։ Նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ռազմատենչ եւ ատելություն սերմանող ռասիստական բնույթի հռետորաբանությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն այժմ բանակցություններ է վարում Հայաստանի հետ՝ հատուկ բանագնացների միջոցով՝ փոխանակ պարզապես դիվանագիտական հարաբերություններ հաստատի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ռուսական զորքեր տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու համար։ Հայաստանը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան (ICJ)՝ Բաքվին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու մեջ։ ICJ-ը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ ուղղված ռասայական ատելությունը կանխելու եւ խրախուսումը դադարեցնելու համար, այդ թվում՝ պետական հաստատություններում իր պաշտոնյաների կողմից»:
Ավելի խորացնելով լարվածությունը՝ Ալիեւը պնդում է, որ Հայաստանի մեծ մասը, ներառյալ մայրաքաղաք Երեւանը, պետք է ներառվի Ադրբեջանի կազմում: Այս պահանջը սակարկության մարտավարություն է, քանի որ երկրները բանակցություններ են սկսում սահմանների սահմանազատման եւ տրանսպորտային համաձայնագրերի շուրջ: Բայց դա համապատասխանում է կոռուպցիան եւ իշխանությունը պահպանելու համար կեղծ պատմական պատմություններ տարածելու ավտորիտար մոդելին: Այսօր Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 41 ք/կմ-ը եւ հաճախ պատանդներ է վերցնում։ Նա շարունակում է գնդակոծել Հայաստանը՝ առանց ռուս խաղաղապահների դիմակայության, որոնք պետք է կասեցնեն նման գործողությունները։
Մինչ Ռուսաստանին հանձնարարված է պահպանել խաղաղությունը, իսկ լիազորված միջնորդները, ներառյալ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, բացառված են, Ռուսաստանը եւ Թուրքիան ստեղծել են հրադադարի մոնիթորինգի իրենց կենտրոնները: Նախաձեռնությունը խնդրահարույց է, քանի որ Թուրքիան հրադադարի համաձայնագիր չի ստորագրել։ Որպես հակամարտության կողմ, Թուրքիան քաղաքական եւ ռազմական առումով աջակցում է Ադրբեջանին։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է.«Մենք գիտենք թուրքական հետախուզության աշխատանքը եւ տեսնում ենք նրա աշխատանքի որոշակի տարրեր»: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը հաստատված տեղեկություն է ստացել մարտի դաշտում սիրիացի վարձկանների մասնակցության մասին։ «Մենք հստակ տեղեկություն ունենք Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողությունների գոտում ահաբեկիչների առկայության մասին, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքից եւ Սիրիայից»։ Թուրք պաշտոնատար անձինք պարծենում են հայերին հաղթելու հարցում Թուրքիայի դերով։
Հայաստանն ու Արցախը միմյանց կապող Լաչինի միջանցքը թեժ կետ է։ Այնտեղ պարեկություն են անում ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցի զինվորները, սակայն եղել են միջադեպեր, այդ թվում՝ պայթյուններ եւ Հայաստանի խաղաղ բնակիչների սպանություններ։
Ռուս խաղաղապահները սահմանափակում են միջազգային լրատվամիջոցների եւ մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լաչինի միջանցք։ Տրանսպորտային բանակցությունները տապալվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանը պնդեց Հայաստանի տարածքով Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը։
Ռազմագերիներին պահելը եւս Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանների խախտում է։ Խախտելով զինադադարի պայմանները, ինչպես նաեւ Ժնեւի կոնվենցիայի 3-րդ եւ 4-րդ հոդվածները՝ Ադրբեջանը պահում է ավելի քան 100 հայ գերիների՝ հայտարարելով, որ նրանք ահաբեկիչներ են, դիվերսանտներ եւ ռազմական հանցագործներ։ Զինադադարի պայմաններով նրանց ազատելու փոխարեն Ալիեւը բացահայտորեն օգտագործում է նրանց որպես սակարկության առարկա: Վերջերս ընտրողաբար ազատ արձակվեցին 10 հոգի, եւ Ալիեւը հույս ունի շահ ունենալ։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Էրդողանի կինը Ալիեւին խորհուրդ տալիս օգտագործել այս մարտավարությունը եւ պահել ռազմագերիներին, ինչը զինադադարի համաձայնագրի եւ Ժնեւի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։
Ռազմագերիները պատմում են, որ դաժան վերաբերմունքը սկսվել է գերեվարվելուց անմիջապես հետո։ Նրանց գերի վերցրած զինծառայողները ծեծի են ենթարկել, խոշտանգել ու նվաստացրել, իսկ հարցաքննության եւ կալանքի ընթացքում խախտումները շարունակվել են։ Ռազմագերիներին չեն տվել ոչ սնունդ, ոչ ջուր։ Նրանք զրկված են եղել քնից եւ ստացել են նվազագույն բժշկական օգնություն:
Ռուս խաղաղապահներն ի սկզբանե օգտակար դեր են խաղացել Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան կանխելու գործում։ Սակայն այս փուլում ավելի արդյունավետ կլինի բազմակողմ մոտեցումը։ 1994 թվականին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը ստեղծեց Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը։ Մինսկի խումբը կարող է ապահովել ավելի մեծ թափանցիկություն եւ ավելի արդյունավետ խաղաղապահ գործողություններ։
Մինսկի խումբը պետք է արագացնի սահմանների սահմանագծման եւ հաղորդակցության համաձայնագրերի շուրջ բանակցությունները՝ միաժամանակ ստեղծելով բուֆերային գոտիներ, որոնք պետք է իրավական սանկցիաներ ապահովվեն: Այն կարող է նաեւ ստանձնել մոնիտորինգի ղեկավարումը եւ բռնության սրման համար պատասխանատու կողմերի բացահայտումը:
Մինսկի խումբը չպետք է աչք փակի Թուրքիայի վրա՝ թույլ տալով Անկարային ընդլայնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Նախիջեւանի տարածքով Բաքու ուղիղ տրանսպորտային հաղորդակցությունը կապակայունացնի տարածաշրջանը, եւ դա պետք է կանխել: Թուրքիան հակամարտող կողմ է, որն իրավունք չունի մասնակցելու խաղաղության հաստատմանը։ Պետք է լուծարել ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:
Բայդենի վարչակազմը պետք է պնդի բոլոր ռազմագերիների վերադարձը եւ նրանց գերեվարողների քրեական հետապնդումը։ Ֆրանսիան կարող է կոչ անել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խաղալ այնպիսի դեր, որը կկանխի ապագա հանցագործությունները:
Ավելի մեծ ներգրավվածությունը կազդանշանի ԱՄՆ հանձնառությունը՝ կայունացնել Հարավային Կովկասը, վերջ դնել չարաշահումներին եւ մեծացնել պատասխանատվությունը: Դա կսահմանափակի նաեւ Ռուսաստանի տարածաշրջանային հավակնությունները։
Բազմակողմ մոտեցումը կսահմանափակի Ռուսաստանի դերը հետխորհրդային տարածքում։ Այն նաեւ հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին աշխատել միասին՝ լուծելու տարածաշրջանային հակամարտությունը, որտեղ նրանց շահերը խաչվում են»:
0Comments