Ուզո՞ւմ եք փրկել աշխարհը, իշխանությունը հանձնեք կանանց։ Մարդկության լուսավոր ապագայի մասին այս կարծիքն ունեն մեր մեծերը։ Գաղտնիք չէ, որ այսօր շատ է փոխվել կնոջ դերը մեր իրականության մեջ։ Հաջողակ, կայուն ու առաջադեմ. 21-րդ դարի կնոջ նոր զարդարանքներն են։
Մեծ ձեռքբերումներ ունեցող կանայք կան ամենատարբեր ոլորտներում։ Գնալով վերանում է կարծրատիպը, որ նուրբ ու փխրուն հոգի ունեցող գեղեցիկ սեռը քաղաքական դաշտում անելիք չունի։ Շատ պետությունների առաջնորդներ հենց կանայք են, և հավատացեք՝ նախագահական շենքն ամենևին էլ վարդագույն չի ներկվել։ Ավելին նրանց կառավարման ժամանակաշրջանում երկիրը զարգացման ուղին է բռնել։
Եվ այսպես՝ կին առաջնորդներ։ Ոգևորող, տրամադրող և հուսադրող։
2010 թվականին Բրազիլիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահ է ընտրվել Դիլմա Ռուսսեֆֆը՝ քվեարկողների 55.5% ձայնով։ Նրան հիմնականում աջակցել է երկրի աղքատ շերտը: Նա այնքան է կարևորում իր աշխատանքը ու գիտակցում դրա լրջությունը, որ Ռուսաստանի այդ ժամանակվա նախագահ Մեդվեդեվի հետ հանդիպմանը ոտքի վնասվածքով է ներկայացել, ինչի պատճառով էլ մեկ կոշիկ է հագել: Համաձայնեք՝ ոչ բոլոր կանայք կհամարձակվեին:
Արգենտինան այն եզակի երկիրն է, որն ունեցել է 2 կին նախագահ: Առաջին անգամ դեռ 1974 թվականին` Իզաբել Պերին էր զբաղեցնում պաշտոնը: Իսկ արդեն 2007-ից 2015 թվականներին՝ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները: Նա 2 անգամ ընտրվել է նախագահ:
Շարքը համալրում է նաև Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յախյագան: Մինչև 2011 թվականի ապրիլին երկրի ղեկավար ընտրվելը, նա եղել է Կոսովոյի ոստիկանության գլխավոր տնօրենի տեղակալը` գեներալ-մայորի կոչումով:
Քաղաքական դաշտում իրենց բավականին կայացած ու ակտիվ գործունեություն են ծավալում նաև շիկահերները: Կրկին՝ առանց վարդագույն երանգի չարաշահման։ Այստեղ ի չիք են դառնում նաև բոլոր կարծրատիպերը, երբ ուսումնասիրում ես Խելլե Տորնինգ-Շմիտի գործունեությունը: Նա Դանիայի պատմության մեջ առաջին կին նախագահ է ընտրվել 2011թ. հոկտեմբերին։ 2005 թվականին նա գլխավորել է Դանիայի սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, որից հետո քաղաքական կարիերան սկսել է վերելք ապրել:
Կանայք մեծ ձեռքբերումների են հասել նաև Աֆրիկայում: «Սև մայրցամաքի» պատմության մեջ առաջին անգամ 2005 թվականին Լիբիայի նախագահ է ընտրվել Էլեն Ջոնսոն-Սերլիֆը: Մի քանի տարի առաջ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը՝ Լայմա Գբովինի և Տավակուլ Կարմանի հետ միասին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել։
Եթե ասում են կին քաղաքական գործիչ, ապա շատերի մոտ միանգամից պատկերվում է Անգելա Մերկելիկերպարն` ուժեղ, խիստ ու պահանջկոտ: Մոռանանք շների հանդեպ նրա ֆոբիան։ Գերմանիայի առաջին կին կանցլերին համարում են աշխարհի ամենաազդեցիկ կինը: Անգելա Մերկելն ընտանեկան կյանքում հաջողությունների այնքան էլ չի հասել, սակայն դա քննարկման այլ թեմա է։
Հաջողակ կանանց այս շարքում է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա ԱՄՆ-ի ամենաշատ շրջագայած պետքարտուղարն է:
Թերևս վերը նշված կանայք ամենահայտնիների ու ազդեցիկների առաջին հորիզոնականներն էին զբաղեցնում. իսկ այսօր աշխարհում մոտ 100 ազդեցիկ կին կա։ Նրանք կարող են շատերի համար օրինակ ծառայել, բայց շատ հաճախ՝ միայն կարիերայի առումով…
0Comments