Հուլիսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Զեկույցներով հանդես եկան ոտիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, շտաբի պետ Արմեն Ղուկասյանը և կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը:
Նշվեց, որ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9,0%-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության գողությունների թվի աճով, ինչպես և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի ավելացմամբ:
Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին, պետք է փաստել, որ 2019թ. առաջին կիսամյակում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, հունիս՝՝ 9,0%):
Դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն. եթե 2018 թ. 6 ամիսներին ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 93.874 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. 6 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 16,2%-ով՝ կազմելով` 109.087: Ի դեպ, 18,1%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն՝ նախկինում իրենց կողմից չհայտնած դեպքերի վերաբերյալ:
Հաշվետու շրջանում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում` ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, յուրացման կամ վատնման, կողոպուտի դեպքերը:
Ոստիկանության մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 320 միավոր հրազեն:
Զեկուցողը նկատեց, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներման կապակցությամբ՝ 2018թ. նոյեմբերի 6-ից մինչև 2019 թ. հուլիսի 1-ն ազատ է արձակվել շուրջ 650 անձ: Նրանցից 88-ը հայտնաբերվել են կրկին անգամ հանցագործություն կատարելու համար. կատարել են 178 նոր հանցագործություններ, որոնցից 1-ը` սպանության, 1-ը` սպանության փորձի, 2-ը` սպանության սպառնալիքի, 3-ը՝ ավազակության, 2-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 118-ը` գողության, այդ թվում 21-ը` բնակարանային, 10-ը` առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոց պահելու, 2-ը` կողոպուտի, 4-ը` խարդախության, 14-ը` ծեծի և այլ դեպքեր են:
Նշվեց, որ հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ղեկավարության կողմից ընտրված մարտավարության և իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտման աշխատանքներում արձանագրել է կայուն աճի տեմպ (հունվարին այն կազմել է 43,0%, փետրվարին՝ 44,6%, մարտին՝ 52,1%, ապրիլին 52,5%, մայիսին՝ 54,9%, հունիս ամսին՝ 60,1%):
Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է. սպանություններով՝ 73,9%, սպանության փորձերով՝ 78,1%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 86,3%, այդ թվում՝ ծանր՝ 80,2%, բռնաբարության և բռնաբարության փորձի՝ 66,7%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 81,5%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 66,7%, խուլիգանության՝ 59,3%, այդ թվում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ 71,2%, ավազակության՝ 87,7%, կողոպուտի՝ 63,5%, գողության՝ 45,5%, այդ թվում՝ բնակարանային՝ 24,4%, խարդախության՝ 61,5%, յուրացման կամ վատնման՝ 58,3% և տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 78,8%:
2019 թ. 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 11 մլրդ 170.4 մլն ՀՀ դրամի, 6.1 մլն ԱՄՆ դոլարի և 3.200 եվրոյի վնաս: Վերականգնվել է շուրջ 237 մլն դրամի գումար:
Ոստիկանության ստորաբաժանումները պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովել հանրապետությունում անցկացված 2.379 զանգվածային միջոցառումների, մասնավորապես՝ փետրվարի 17-ին և հունիսի 10-ին՝ հանրապետության մի շարք մարզերում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների ընթացքում:
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանության ղեկավարությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: 2019 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 920 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 503 ծառայող:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայությունները և ստորաբաժանումները զգալի աշխատանքներ են իրականացրել անձնակազմի կարգապահության բարձրացման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ձեռնարկվել են կազմակերպաիրավական բնույթի միջոցառումներ համակարգն արդի պահանջներին համապատասխանեցնելու, օպտիմալացման, ոստիկանությանն առնչվող իրավական դաշտի կատարելագործման, ոստիկանության աշխատանքը հանրությանը թափանցիկ ներկայացնելու, միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ հաշվետու զեկույցներում ներկայացված վիճակագրությանն ու բարձրացված խնդիրներին:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կիսամյա աշխատանքի արդյունքները՝ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ ոստիկանության ծառայություններն ու տարածքային մարմինները կշարունակեն հետևողական աշխատանքը, և կոնկրետ հանձնարարականներ տվեց ոստիկանության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման, հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:
0Comments