Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ այս գիշեր հակառակորդը կրակել է Նախիջևանից՝ մասնավորապես Ելփին գյուղի ուղղությամբ:
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Նախիջևանի այս հատվածում կրակոցներ են հնչել, սակայն ոչ մեծ տրամաչափի և ոչ ինտենսիվ: Հարցին, թե արդյո՞ք հաճախ է լինում կրակոցներ Նախիջևանից, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ այնքան:
Հիշեցնենք, որ օրերս սահմանամերձ Խաչիկ գյուղի հողատարածքներում և վարելահողերում հրդեհ է բռնկել, որը հանգցրել էին հենց Խաչիկ գյուղի բնակիչները, հրդեհը բռնկվել էր Ադրբեջանի տարածքից, ենթադրաբար հակառակորդի կրակոցներից:
Խաչիկ համայնքը և Ելփինը միմյանցից այնքան էլ հեռու չեն:
Նշենք, որ Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը քիչ առաջ հաղորդագրություն է տեղադրել, որտեղ նշվում է, որ այսօր՝ հուլիսի 17- ին, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17- ին լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Փամփուշտներից մեկը դիպել է Ելփին բնակավայրի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։
Դեպքի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։
Գոհար Ստեփանյան
0Comments