Վրացի հայտնի երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեն ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին հարցազրույց է տվել DW-ին՝ այս հարցի շուրջ ներկայացնելով իր տեսակետը: Խոսելով հակառուսական տրամադրությունների մասին՝ Կիկաբիձեն նշել է, որ ռուսական պատվիրակության շրջանակում Վրաստան ժամանած և երկրի խորհրդարանի խոսնակի աթոռին նստած պատգամավոր Սերգեյ Գավրիլովն առաջիններից մեկն էր, որ քվեարկել էր Աբխազիան Վրաստանից առանձնացնելու օգտին:
«Բացի այդ, մերոնցից շատ մարդ է զոհվել այդ տխրահռչակ պատերազմում: Եվ հետո ոչ ոք չգիտեր, որ նրանք գալու են»,- ասել է արտիստը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի թեման հավերժ է:
Ըստ Կիկաբիձեի՝ ներկայում Աբխազիայում և Հարավային Օսիայում դանդաղ բռնակցման գործընթաց է տեղի ունենում, պարբերաբար փոփոխվում է սահմանը:
Ինչ վերաբերում է ռուս զբոսաշրջիկների հոսքի ենթադրյալ նվազմանը, ապա արտիստը նշել է, որ թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակում է ավիահաղորդակցությունը, սակայն մարդիկ, միևնույն է, գալու են Վրաստան՝ նույնիկ այլ երկրների տարածքով:
«Ես անընդհատ կրկնում եմ, որ նրանք (ռուսները) շատ վատ սցենար են մշակել: Մոտ 15-20 տարի առաջ դիտում էի Ժիրինովսկու (ՌԴ Պետդումայի պատգամավոր-tert.am) ելույթը, որում նա ասում էր, որ Վրաստանը պետք է նահանգների բաժանել, իսկ օրենսդիրները նրան էին լսում ու ծափահարում: Ծրագիրը հետևյալն է. մասնատել Վրաստանը, այնպես անել, որ այստեղ կյանքի որակն ընկնի ու հետո Կրեմլն ասի՝ «Մենք ձեզ կօգնենք»: Այնուհետև մուտք կգործեն, ահա դա է ամբողջ ծրագիրը»,-ասել է Կիկաբիձեն՝ շեշտելով, որ Ռուսաստանի կողմից սպառնալիք է զգում:
Երաժշտի համոզմամբ՝ Մոսկվային շատ է նյարդայնացնում այն հանգամանքը, որ Վրաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ձգտում է դեպի Արևմուտք, փորձում է ժողովրդավարական երկիր լինել:
Կիկաբիձեին նաև զարմացնում է այն, թե ինչու են ռուսները նեղանում, երբ Վրաստանում իրենց «շրջափակող» են անվանում:
«Բայց ինչպե՞ս անվանել մարդուն, որը խլում է քո հողն ու այնտեղ փշալարեր անցկացնում: Դա հենց շրջափակում է: Վլադիմիր Պուտինը պառկում է քնելու և տեսնում է՝ ինչպես վերականգնել Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: Մենք շատ քիչ ենք, երկիրը շատ փոքր է, իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ է ցանկանում այն շղթայել»,-ասել է Կիկաբիձեն՝ հավելելով, որ վրացիները ծնկի չեն գա:
Նա նշել է, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահին անպայման կասեր, որ նրա սցենարը շատ վատն է և որ երկու ուղղափառ ժողովուրդները պետք է բարեկամություն անեն, մինչդեռ հիմա տեղի է ունենում հակառակը:
Հարցազրույցի վերջում Կիկաբիձեն խոստովանել է, որ շատ է կարոտում Ռուսաստանն ու այնտեղի իր երկրպագուներին, և երբ ցանկանում է իր երգացանկի ռուսերեն երգերը կատարել, մեկնում է Ուկրաինա ու այնտեղ ելույթ ունենում:
0Comments