ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում, ավանդույթի համաձայն, հանդիպել է միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ:
ՌԴ նախագահը խոսել է աշխարհին սպառնացող լուրջ վտանգների մասին՝ կապված հնարավոր գլոբալ հակամարտությունների հետ: Պուտինը քննադատել է Վաշինգտոնի որոշումը՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին պայմանագրից դուրս գալու առնչությամբ: Նա նաև դատապարտել է այն, որ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս է եկել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Պուտինը շեշտել է, որ 2021թ.-ին ավարտվում է նաև ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև կնքված «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի գործողության ժամկետը, և այն երկարաձգելու վերաբերյալ որևէ բանակցություններ չեն ընթանում:
«2021թ. ամեն ինչ կավարտվի: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա՝ բոլորովին չի լինի որևէ գործիք, որը կսահմանափակի սպառազինությունների մրցավազքը կամ տիեզերքում զենքերի տեղակայումը: Մենք հասկանում ենք, թե դա ինչ է: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի գլխավերևում միշտ կախված է լինելու միջուկային զենք, միշտ: Ինչ-որ մեկը պիտի՞ խոսի այդ մասին, մտածի, մտահոգվի», – ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի համոզմամբ՝ այս բոլոր հարցերի քննարկումներում պետք է մասնակցի համաշխարհային հանրությունը, և մարդիկ պետք է իմանան, թե ինչ է կատարվում այս ոլորտում: ՌԴ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ Մոսկվան վստահ է իր անվտանգության մեջ, իսկ այս իրավիճակից միակ ելքը համագործակցությունն է:
0Comments