Տեսչական մարմինը «Գարդասիլով» դպրոցականներին բռնի պատվաստման փաստեր չի հայտնաբերել

Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը պարզաբանել է կատարվածը

Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը Աբովյան քաղաքի դպրոցականներին «Գարդասիլով» բռնի պատվաստման փաստեր չի հայտնաբերել։ Այս մասին ասել է տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ընթացքում։

Խուրշուդյանը տեղեկացրել է, որ տեսչական մարմինը վարչական վարույթ է սկսել ԶԼՄ-ներում հրապարակումների հիման վրա։ Հիշեցնենք, որ հրապարակումների հիմքում ընկած է Աբովյանի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վրեժ Աղաջանյանի հայտարարությունն այն մասին, որ դպրոցականներին խաբեությամբ ստիպում են պատվաստվել «Գարդասիլով»։ Հատկանշական է, որ Աղաջանյանը հետագայում ինքն է իրեն հերքել, բայց, չնայած դրան, վարչական վարույթը մեկնարկել է։ Տեսչական մարմնի այդ որոշումը  քննադատության է ենթարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից, որն այդ քայլն անվանել է ինքնափիառ՝ նշելով, որ պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, ոչ թե հակառակը։

Այսօր Էդգար Խուրշուդյանը խոստովանել է, որ «Գարդասիլով» բռնի պատվաստման փաստեր չեն հայտնաբերվել, եւ այդ տեղեկությունը լիովին հերքվել է։